Փաշինյանն ու Էրդողանն Անթալիայում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու TRIPP-ը

Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առաջ մղելը


ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Անթալիայում COP31-ի շրջանակում ընթացող Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։


Թուրքիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Անթալիա և մասնակցությունն Առաջնորդների գագաթնաժողովին:


Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին միջոցառման լավ կազմակերպման առիթով։ 


Վարչապետ Փաշինյանը նաև ցավակցություն է հայտնել Իզմիրի մետաղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ:


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծել են այն առաջ մղելու և տրամաբանական ավարտին հասցնելու կարևորությունը: Այդ առումով, կողմերը կարևորել են մինչ այժմ իրականացված միջոցառումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանումը:


Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ նշելով, որ այն նոր ազդակ է հաղորդել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև հաղորդուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացմանը միտված քայլերին:


 


Leave a comment