«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնել է, որ այս պահին բավարար օբյեկտիվ ապացույցներ չկան՝ 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպում հսկիչի կողմից աշխատանքային պարտականությունների խախտումը հաստատված համարելու համար
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնել է, որ այս պահին բավարար օբյեկտիվ ապացույցներ չկան՝ 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպում հսկիչի կողմից աշխատանքային պարտականությունների խախտումը հաստատված համարելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 13–ամյա աղջկա մայրը հայտնել էր, որ Երևանի ավտոբուսներից մեկի վերահսկիչն ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ իջեցրել է իր 13-ամյա դստերը։ Ըստ մոր՝ երեխայի փոխարեն ուղեվարձը վճարել էր հայրը։ Ավելի ուշ մայրը նաև հայտնել էր, որ հսկիչը միջադեպը ներկայացրել է՝ իր պնդմամբ, խեղաթյուրելով ողջ իրականությունը։
Ընկերության պաշտոնական պարզաբանման համաձայն՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատուներն այսօր առավոտյան զրուցել են ինչպես միջադեպի պահին ստուգայց իրականացրած հսկիչի, այնպես էլ երեխայի ծնողի հետ։ Շուրջ երկու ժամ տևած քննարկման ընթացքում լսվել են երկու կողմերի բացատրությունները։
Ըստ ընկերության` միջադեպի մի շարք էական հանգամանքների վերաբերյալ նրանց ներկայացրած տեղեկությունները էականորեն տարբերվում են։ Մասնավորապես, խոսքը երեխայի և հսկիչի միջև տեղի ունեցած խոսակցության, ինչպես նաև երեխայի՝ տրանսպորտային միջոցից իջնելու կամ նրան իջեցնելու հանգամանքների մասին է։
«Միջադեպը տեղի է ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող «Հայգեր» մակնիշի ավտոբուսում, որը կահավորված չէ տեսաձայնագրող համակարգով։ Հետևաբար ընկերությունը հնարավորություն չունի տեսագրության միջոցով վերականգնելու դեպքի ընթացքը և ստուգելու կողմերի ներկայացրած տեղեկությունները։
Միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ երեխայի տրանսպորտային քարտը միջադեպի պահին լիցքավորված չի եղել և լիցքավորվել է միայն նույն օրը՝ ժամը 21։51-ին, մինչդեռ միջադեպը տեղի է ունեցել ժամը 15։00-ի սահմաններում։
Այս կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11.1 հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց մուտք գործելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել ուղեվարձի վճարման կրիչը և այն պահպանել մինչև ուղևորության ավարտը», – նշված է հաղորդագրության մեջ։
Այդուհանդերձ, ընկերությունն ընդգծել է, որ քարտի չլիցքավորված լինելը դեռևս չի նշանակում, որ ուղևորության դիմաց վճարում չի կատարվել, քանի որ այն կարող էր իրականացվել նաև այլ թույլատրելի եղանակով, այդ թվում՝ ծնողի կողմից։
Անդրադառնալով երեխային ավտոբուսից իջեցնելու վերաբերյալ հրապարակված տեղեկություններին` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նշել է, որ այս պահին առկա տվյալները հնարավորություն չեն տալիս միանշանակ հաստատելու կամ հերքելու կողմերի իրարամերժ պնդումները` ընդգծելով, որ հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից։
Ընկերությունը հայտնել է, որ միջադեպի ուսումնասիրությունը շարունակվում է։ Եթե հաստատվեն հսկիչի կողմից աշխատանքային պարտականությունների խախտման կամ ոչ իրավաչափ վարքագծի փաստեր, նրա նկատմամբ պատասխանատվության միջոցներ կկիրառվեն սահմանված կարգով։
«Յուրաքանչյուր աշխատակցի գործողությունների գնահատականը պետք է հիմնված լինի օբյեկտիվորեն պարզված փաստերի, այլ ոչ միայն կողմերի իրարամերժ պնդումների վրա», – նշված է պարզաբանման մեջ։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի և երեխայի ու նրա ընտանիքի կրած անհանգստության համար՝ հայցելով ծնողի ներողամտությունը։
Ընկերությունը նաև հորդորել է հանրությանը զերծ մնալ չստուգված տեղեկությունների հիման վրա վերջնական գնահատականներ տալուց և անհարկի մեղադրանքներ հնչեցնելուց` հնարավորություն տալով ամբողջությամբ և օբյեկտիվորեն պարզելու միջադեպի իրական հանգամանքները։