Քաղաքական գործերով դատավորները գործում են Աննա Վարդապետյանի ուղիղ ցուցումով. Աննա Գրիգորյան

«Երկրում քաղաքական ռեպրեսիաների ալիքը գնալով միայն ավելանում է, ինչը նշանակում է, որ մենք իսկապես ամբողջատիրական, ավտորիտար ռեժիմի պայմաններում ենք ապրում: Այս համատեքստում պետք է հերթական անգամ շեշտադրել նախագահ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի ապօրինի կալանավորման հանգամանքը: Երկու ամսով երկարաձգվեց և՛ նախագահ Քոչարյանի, և՛ Սեդրակ Քոչարյանի կալանքը, և որևէ փաստական հիմք չի ներկայացվել, թե ինչու պետք է նրանք շարունակեն գտնվել կալանքի տակ»,- ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

«Կալանքը կիրառվում է որոշակի գործողություններ կանխելու համար։ Ռոբերտ Քոչարյանի պարագայում բոլորն էլ հասկանում են, որ նա հաստատ չէր հեռանալու. հակառակ դեպքում՝ 2018 թվականին, իմանալով հետևանքները, չէր վերադառնա», – ասաց Աննա Գրիգորյանը։

Ասուլիսի ժամանակ պատգամավորը ցավակցություն հայտնեց կալանավայրում մահացած «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավանի թեկնածու Արսեն Գևորգյանի հարազատներին ու կուսակիցներին՝ ընդգծելով, որ նա իշխանությունների բռնաճնշումների առաջին զոհը չէ։ Աննա Գրիգորյանը հիշեցրեց դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի մասին։

Ինչ վերաբերում է Արսեն Գրիգորյանին, հավելեց. «Արսեն Գևորգյանը մահացել է պետության լիակատար վերահսկողության տակ գտնվելու ընթացքում: Նրա մահվան պատասխանատուն պետությունն է։ Ինչո՞ւ տնային կալանք չէին կիրառում»:

Պատգամավորը շեշտեց, որ այսպես կոչված քաղաքական գործերով դատավորները մշտապես բավարարում են կալանավորման միջնորդությունները՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուղիղ ցուցումով։ Նա, ի թիվս այլնի, անդրադարձավ նաև ՔԿՀ-ների՝ իր ձևակերպմամբ, խայտառակ պայմաններին, հատկապես առանձնացրեց Նուբարաշեն ՔԿՀ-ն. «Այդ խուցը ուղղակի չպետք է գոյություն ունենա, ու կապ չունի՝ այնտեղ նախագահ Քոչարյանն է նստած, թե որևէ այլ անհատ»:

Ասուլիսն ամբողջությամբ

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment