Խորհրդարանական ընդդիմությունը կարող է աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնությանը՝ չնայած գործընթացի վերաբերյալ ներկայիս քննադատական հայտարարություններին։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։
Լրագրողները հետաքրքրվել են՝ իշխանությունն ինչպե՞ս է պատրաստվում ապահովել նախաձեռնության խորհրդարանական աջակցությունը, երբ ընդդիմադիր ուժերն արդեն դեմ են արտահայտվում նոր Սահմանադրություն ընդունելուն։
Ալեքսանյանը պատասխանել է՝ անդրադառնալով տեղական մակարդակում, այսինքն՝ համայնքներում տարբեր քաղաքական ուժերի համագործակցության օրինակներին։ Նրա գնահատմամբ՝ այդ օրինակները ցույց են տալիս, որ քաղաքական բաժանարար գծերը բոլոր հարցերում անանցանելի չեն։
«Կարծում եմ՝ նույն կերպ էլ, նույն հեշտությամբ ու թեթևությամբ էլ առաջիկայում կքվեարկեն Սահմանադրությունը հանրաքվեի դնելու նախագծի օգտին»,– ասել է Ալեքսանյանը։
ԱԺ փոխնախագահը նաև ընդգծել է, որ Սահմանադրության ընդունման կամ մերժման վերջնական որոշումը պատկանում է քաղաքացիներին։
«Նոր Սահմանադրություն ընդունելը կամ Սահմանադրությունը մերժելը ժողովրդի՝ նույն ինքը սահմանադիրի բացառիկ իրավունքն է։ Բացի ժողովրդից՝ ոչ մեկ նման իրավունք չունի»,-նշել է նա։