Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է 90 մլն ֆունտ ստեռլինգ (շուրջ 120.6 մլն դոլար) հատկացնել անօդաչու սարքերի, սենսորների և արհեստական բանականության համակարգերի մշակմանը՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու նպատակով։
«90 մլն ֆունտ ստեռլինգի նոր ներդրումային փաթեթը կամրապնդի Մեծ Բրիտանիայի անվտանգությունը Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Միջոցները կուղղվեն ռազմածովային ուժերի համար անօդաչու սարքերի, սենսորների և արհեստական բանականության համակարգերի ստեղծմանը», – հայտնել են Դաունինգ սթրիթից։
Միջոցառումներն իրականացվելու են «Ատլանտյան բաստիոն» ծրագրի շրջանակում։ Այն ռազմածովային ուժերի ծրագիր է, որի նպատակն է հետևել հակառակորդի սուզանավերին և պաշտպանել ստորջրյա կարևորագույն ենթակառուցվածքների ընդարձակ ցանցը, այդ թվում՝ կապի մալուխներն ու էներգետիկ ցանցերը։
Բացի այդ, նախաձեռնության շրջանակում կառավարությունը համաձայնագիր կկնքի Հեմփշիր կոմսությունում գործող Ocean Infinity Solutions ընկերության հետ, որը մասնագիտացած է ծովային ռոբոտատեխնիկայի ոլորտում։
Նշվում է, որ այս որոշման շնորհիվ կստեղծվի շուրջ 200 նոր աշխատատեղ, ինչը կամրապնդի նաև բրիտանական տնտեսության պաշտպանական հատվածը։