Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել նրա կալանքի ժամկետի երկարաձգման որոշման դեմ։ Այդ մասին տեղեկացրել է նախկին նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով դատական գործընթացի մի շարք հանգամանքների։

Փաստաբանի փոխանցմամբ՝ պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Քոչարյանի կալանքի երկարաձգման հարցը քննարկվի հրապարակային՝ դռնբաց դատական նիստի ընթացքում, սակայն դատարանը մերժել է այդ պահանջը՝ պատճառաբանելով, որ նախաքննությունը շարունակվում է, հայտնում է Radar.am-ը:

Արամ Օրբելյանը նշել է, որ դատարանը ներկայացված դրվագների մեծ մասով հիմնավոր կասկած չի արձանագրել, իսկ մի քանի դրվագով գտել է, որ պաշտպանական կողմը բավարար հակափաստարկներ չի ներկայացրել։

Անդրադառնալով քննչական խմբի աշխատանքին՝ Օրբելյանը հայտնել է, որ դրանում ընդգրկված է ավելի քան 60 քննիչ, որոնցից 41-ը մասնակցել են քննչական գործողություններին։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 95 քննչական գործողություն, իսկ դրանցից ամենաշատը կատարած քննիչի մասնակցությամբ իրականացվել է 11 գործողություն։

«Եղել են գործողություններ, որոնք տևել են երեք րոպե։ Նկարագրվածից պարզ է, որ խոսքը քաղաքական նկատառումներով կալանքը որպես պատիժ կիրառելու մասին է»,- հայտարարել է փաստաբանը։

Հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով։ Մեղադրող կողմը հիմնավորել է իր պահանջն այն հանգամանքով, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտներ ստեղծել նախաքննության ընթացքի համար։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում իրականացնելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Leave a comment