«Վարկաբեկեցին, փորձեցին պատիվն ու արժանապատվությունն արատավորել, բանտարկեցին և մարդուն հասցրեցին մահվան». Իրինա Յոլյան

«Մեր պայքարի ընկեր Արսենը զոհ դարձավ չարդարադատության մահաբեր համակարգին. մարդ, ով պատրաստ էր պայքարի, սկզբունքային էր, հայրենասեր… Ի՞նչ արեցին այս իշխանությունները՝ չհաստատված քրեական գործով ձերբակալեցին, մինչ այդ վարկաբեկեցին, փորձեցին պատիվն ու արժանապատվությունն արատավորել, բանտարկեցին և մարդուն հասցրեցին մահվան: Հնարավո՞ր էր արդյոք այս ամենից խուսափել, եթե կալանքը որպես պատժիչ գործիք այս իշխանությունը չօգտագործեր: Իհարկե, հնարավոր էր, և այս կերպ հնարավոր էր փրկել մարդու կյանքը»,- ԵՄ գրասենյակի մոտ լրագրողներին հայտնեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը:

Պատգամավորի խոսքով՝ սա Հայաստանի Հանրապետությունում գրանցված մահվան առաջին դեպքը չէ, և այսօր իրենք ԵՄ գրասենյակի առաջ են ահազանգ հնչեցնելու միջազգային կառույցներին, որ Հայաստանում այլևս այս կերպ շարունակել հնարավոր չէ, և որ, նրա ձևակերպմամբ, հենց միջազգային կառույցների ամենաթողության արդյունքում է իշխանությունն իրականացնում իր գործողությունները:

«Տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ, անհատներ ամեն ինչ արել են, որպեսզի փորձ արվի Հայաստանում ժողովրդավարության  հիմնաքար դնել, բայց այս իշխանությունները եկան և ամբողջ դատաիրավական համակարգը սեփականաշնորհեցին, և այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ… Եթե միջազգային կազմակերպությունները հստակ պահանջ չներկայացնեն, հստակ ասելիք չունենան, դա նշանակում է, որ լեգիտիմացվում է այս իշխանության բռնաճնշումների ճանապարհով տանող գործելաոճը: Սա նաև ահազանգ է, որպեսզի կանաչ լույս չվառեն այս իշխանության բռնաճնշումներին և գործելաոճին»,-ընդգծեց Յոլյանը:

Պատգամավորի ձևակերպմամբ՝ Արսեն Գևորգյանի ճակատագիրը կարող է սպառնալ յուրաքանչյուրին, և իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ապահովագրեն կալանավայրերում գտնվող մարդկանց կյանքը, նաև մարդիկ հանիրավի չհայտնվեն կալանավայրերում:

Ցույցն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment