ՀՀ ու Ֆիջիի պաշտոնյաներն Անթալիայում անդրադարձել են կլիմայական և կենսաբազմազանության խնդիրներին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP31 համաժողովի ընթացքում հանդիպել է Ֆիջիի տեղեկատվության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Լինդա Տաբույայի, ինչպես նաև շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության հարցերով մշտական քարտուղար Սիվենդրա Մայքլի հետ, քննարկել կլիմայական և կենսաբազմազանությանն առնչվող խնդիրները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը:

Մաթևոսյանը տեղեկացրել է, որ ֆիջիացի գործընկերների հետ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել COP17 համաժողովի արդյունքներին, կենսաբազմազանության պահպանության միջազգային ջանքերին: Նախարարը մասնավորապես բարձր է գնահատել Ֆիջիի մասնակցությունը COP17-ի աշխատանքներին:

«Ֆիջիի գործընկերները բարձր են գնահատել Հայաստանում COP17-ի կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև ընդունված որոշումները՝ հատկապես «Երևանյան ուղին»՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակների իրականացումն արագացնելու տեսանկյունից։

Քննարկել ենք կենսաբազմազանության պահպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության շարունակման հնարավորությունները։ Ընդգծել եմ Երևանի որոշումների իրականացման համար համատեղ աշխատանքը շարունակելու մեր պատրաստակամությունը։

Անդրադարձել ենք նաև կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու և էկոհամակարգերի դիմակայունությունն ամրապնդելու հարցերին։ Ընդգծել եմ կլիմայական և կենսաբազմազանության նպատակները փոխկապակցված առաջ մղելու անհրաժեշտությունը՝ ֆինանսավորման, կարողությունների զարգացման և տեխնոլոգիաների հասանելիության միջոցով։

Կարևորել եմ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և անապատացման դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի երեք կոնվենցիաների միջև սիներգիայի ամրապնդումը՝ դրանց շրջանակում իրականացվող գործողությունների փոխհամաձայնեցման և փոխլրացման միջոցով»,- գրել է նախարարը։

Leave a comment