Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph

Քաղաքականություն

11.11.2026 | 15:01

Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը, որպեսզի Ռուսաստանը կարողանա հայտարարել, թե ամբողջությամբ գրավել է այդ տարածքները։ Այս մասին The Telegraph-ին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած ուկրաինական աղբյուրը, գրում է Meduza-ն։

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Ուկրաինայի պատվիրակությունը «երբեք չի քննարկել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների հարցում որևէ զիջման հնարավորությունը»։

«Ուկրաինան երբեք չի ճանաչի դա՝ ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե։ Եվ սա բանակցությունների սեղանի շուրջ մեր մշտական դիրքորոշումն է եղել»,- ասել է նա։

Նախօրեին The Economist-ը գրել էր, որ ամերիկացի բանակցողները գաղափար են հնչեցրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային համաձայնության շրջանակում  փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ առաջարկի նպատակն այն էր, որ Ռուսաստանը կարողանար հայտարարել այդ մարզերի ամբողջական գրավման մասին, իսկ Ուկրաինան ստիպված չլիներ զիջել որևէ տարածք։

Նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ օրը՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Politico-ի տվյալներով՝ առաջին օրը կողմերը քննարկել են անվտանգության երաշխիքները, որոնք Ուկրաինան և Ռուսաստանը կցանկանային ստանալ պատերազմի ավարտից հետո, ինչպես նաև ռազմագերիների փոխանակման հարցերը։ Բանակցությունների երկրորդ օրը նվիրված կլինի տարածքային հարցի քննարկմանը։

Թարգմանությունը ՝Էմմա Չոբանյանի

 

Leave a comment