Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկներով արձանագրված իրադարձությունների ժամանակագրությունը։ Ըստ ՔԿԾ-ի՝ ժամը 07։42-ին խցին մոտեցել է բուժքույրը, 07։43-ին մուտք գործել ներս, իսկ 07։45-ին դուրս եկել՝ շտապօգնության կանչը կազմակերպելու նպատակով։ Շտապօգնության աշխատակիցները հիմնարկ են հասել ժամը 08։10-ին, իսկ 08։13-ին մտել խուց։
ՔԿԾ-ի տվյալներով՝ ժամը 08։23-ին Գևորգյանին պատգարակով դուրս են բերել խցից, իսկ 08։27-08։33-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրասրտագրության ընթացքում բժիշկն արձանագրել է նրա կենսաբանական մահը։
Նոր ժամանակագրությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Գևորգյանի փաստաբանական թիմը հայտարարել էր, թե բժիշկներին թույլ է տրվել կալանավայր մուտք գործել միայն նրա մահից հետո։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՔԿԾ հասարակայնության և լրատվության վարչության պետ Նոնա Նավիկյանը հայտնել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980 թվականին ծնված կալանավորված անձի ինքնազգացողության վատթարացման պատճառով ժամը 07։55-ի սահմաններում շտապօգնություն է կանչվել։
«Ժամը 08։30-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,- նշել էր Նավիկյանը։
Քրեակատարողական ծառայության հաղորդագրությունը՝ ստորև․
«Հաշվի առնելով հանրային շրջանակներում քննարկումները, ինչպես նաև անհարկի շահարկումները բացառելու համար՝ ստորև ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձ Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների միջոցով 2026 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան արձանագրված իրադարձությունների վերաբերյալ տվյալները՝ համապատասխան ժամանակագրությամբ։
1. Ժամը 07:37-ին ծառայողը մոտենում է համապատասխան խցին և զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչև ժամը 07:38-ը։
2. Ժամը 07:40-ին ծառայողը ևս մեկ անգամ մոտենում է խցին և զրուցում մինչև ժամը 07:41-ը։
3. Ժամը 07:42-ին բուժքույրը մոտենում է խցին։
4. Ժամը 07:43-ին ծառայողը բացում է խուցը, և բուժքույրը մուտք է գործում ներս։
5. Ժամը 07:45-ին բուժքույրը դուրս է գալիս խցից շտապօգնություն կանչելու գործընթացը կազմակերպելու նպատակով։
6. Ժամը 07:51-ին ծառայողը ևս մեկ անգամ բացում է խուցը, և բուժքույրը գտնվում է այնտեղ մինչև ժամը 07:58-ը։
7.Ժամը 08:10-ին շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։
8.Ժամը 08:13-ին շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։
9. Ժամը 08:23-ին անձին խցից դուրս են բերում պատգարակով։
10.Ժամը 08:27-ից մինչև 08:33-ը քրեակատարողական հիմնարկի միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացնում են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժշկի կողմից արձանագրվում է անձի կենսաբանական մահը»։
Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն էր։ Նա կալանավորվել էր ընտրակաշառք տալու մեղադրանքով, որը չէր ընդունում։ Կուսակցությունը նրա նկատմամբ քրեական հետապնդումը որակում էր քաղաքական։
Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։
Նոյեմբերի 11-ին նրա փաստաբանական թիմը հայտարարել է, որ Գևորգյանի ինքնազգացողության վատթարացումից հետո նրան զննել է ոչ թե բժիշկը, այլ բուժակը, շտապօգնությունը ժամանակին չի կանչվել, և անհրաժեշտ բժշկական օգնության հասանելիությունը չի ապահովվել։
Փաստաբանները նաև պնդել են, որ Գևորգյանի նկատմամբ երկամսյա կալանքի կիրառումն անհիմն էր, քանի որ նախաքննությունն ավարտվել էր շուրջ 15 օրում։ Նրանք պահանջել են մահվան հանգամանքների անկախ, անաչառ և մանրակրկիտ քննություն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Գևորգյանի մահվան պատասխանատվությունը վերագրել է իշխանություններին՝ այն կապելով, իրենց գնահատմամբ, քաղաքական հետապնդման և անհիմն կալանավորման հետ։ Ընդդիմադիր այլ ուժեր ևս պահանջել են մահվան հանգամանքների լիարժեք քննություն։
Նոյեմբերի 11-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները «Արդարություն՝ Արսեն Գևորգյանի համար» պահանջով բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության դիմաց։