Եգիպտոսն ռազմական օգնություն է ուղարկել Սաուդյան Արաբիա՝ «Անսար Ալլահ» շարժմանը հակազդելու համար

Եգիպտոսն արդեն ռազմական օգնություն է ուղարկել Սաուդյան Արաբիա՝ «Անսար Ալլահ» (հութիների) շարժմանը հակազդելու համար, չորեքշաբթի օրը հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին։

«Մենք արդեն ռազմական ներկայություն ենք ապահովել՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայում մեր եղբայրների և քույրերի խնդրանքի, և այժմ ընդլայնում ենք այն»,- հայտարարել է Աբդելատին։

Նախարարը չի հստակեցրել թագավորությունում գտնվող զորքերի թվաքանակը կամ սպառազինության տեսակները։

Ըստ «The National»-ի աղբյուրների՝ Եգիպտոսն այնտեղ է տեղակայել «հարյուրավոր զինծառայողների», ինչպես նաև զրահատեխնիկա, հակաօդային պաշտպանության համակարգեր և «երկիր-երկիր» դասի հրթիռներ։

Աղբյուրները նշել են, որ հակաօդային պաշտպանության միջոցների թվում է «Ամուն» (Amoun) համակարգը՝ կարճ և միջին հեռահարության ՀՕՊ համալիր, որը նախատեսված է ցածր բարձրության վրա թռչող հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը որսալու համար։

Աղբյուրներից մեկն ասել է, որ Սաուդյան Արաբիային ցուցաբերվող այս ռազմական աջակցության նպատակը վերջինիս տարածքի պաշտպանությունն է, այլ ոչ թե «Անսար Ալլահ»-ի դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելը։ Կահիրեն «իրեն իրավունք է վերապահում պաշտպանվել» հարձակման դեպքում։

Leave a comment