ՀՑԹԻ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը Ֆրանսիայի ազգային գրադարանի տնօրենի (Gilles Pecout) հրավերով ս․թ․ նոյեմբերի 3-4-ին Փարիզում մասնակցել է 19-րդ դարի վերջին տասնամյակին և 20-րդ դարի առաջին երկու տասնամյակներին զարգացում գտած հայ-ֆրանսիական գրական, մշակութային և քաղաքական կապերին նվիրված գիտաժողովին։ Գիտաժողովին, որը նախագահում էր Ֆրանսիայի ազգային գրադարանի տնօրենը, մասնակցում էին Ֆրանսիայի անվանի հայագետներ, պատմաբաններ։ Գիտնականների զեկուցումները հիմնականում վերաբերում էին Համիդյան ջարդերից հետո Ֆրանսիայի մտավորականության շրջանում սկիզբ առած հայանպաստ շարժման զանազան դրսևորումներին։ Միջոցառմանը ներկա էին և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։
Հրաչյա Թաշչյանն իր ելույթում անդրադարձել է Pro Armenia պարբերականին և Armenophile շարժմանը, որոնց հետևում կանգնած են եղել ժամանակի այնպիսի անվանի մտավորականներ և քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը, Ժորժ Կլեմանսոն, Ալեն Պրուստը, Ռոմեն Ռոլանը, Անրի Բարբյուսը և այլն։ Նա կարևորել է նրանց հայանպաստ գործունեության արդյունքում ձևավորված ժառանգությունը։ Նշվել է, որ այն այսօր նոր շունչ է ստացել և վերածնունդ է ապրում՝ դրսևորվելով ընդհանուր արժեքների վրա խարսխված հայ-ֆրանսիական ամուր բարեկամությամբ և հարաճուն համագործակցությամբ։
Ինչպես ելույթում, այնպես էլ Ֆրանսիայի ազգային գրադարանի տնօրենի հետ ունեցած առանձնազրույցում ընդգծվել է տվյալ թեմայի շուրջ Ֆրանսիայի ազգային գրադարանի հետ սերտորեն համագործակցելու ՀՑԹԻ պատրաստակամությունը։
ՀՑԹԻ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: