Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպական միության պատվիրակության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները պահանջում են, որ ԵՄ-ն արձագանքի Հայաստանում ժողովրդավարության հետընթացին և ընդդիմադիր գործիչների նկատմամբ, իրենց գնահատմամբ, քաղաքական հետապնդումներին։

Պատգամավոր Արեգա Հովսեփյանի խոսքով՝ իրենք Եվրամիության ներկայացուցչությունից ակնկալում են բարձրաձայնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին և չլռել։

Հովսեփյանը, մասնավորապես, անդրադարձավ կալանավայրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի մահվանը՝ պնդելով, որ գլխավոր հարցն այն է, թե ինչու էր նա անազատության մեջ։

«Ընդդիմադիր լինելը չպիտի լինի քրեորեն պատժելի։ Փաստորեն մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր լինելը Հայաստանում քրեորեն պատժելի է»,- ասաց նա։

Լրագրողների հետ զրույցում Հովսեփյանը նշեց, որ Գևորգյանի առողջական վիճակի վատացման և մահվան հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է հասկանալ՝ երբ է շտապօգնությունը հասել կալանավայր, և արդյոք նրան ժամանակին ու պատշաճ բուժօգնություն է տրամադրվել։

Ընդդիմադիր պատգամավորը նաև համոզմունք հայտնեց, որ եթե Գևորգյանն ազատության մեջ լիներ, նրան ավելի արագ և պատշաճ բուժօգնություն կտրամադրվեր, և հնարավոր է՝ իրավիճակի ելքն այլ լիներ։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում կալանքը դարձել է իշխանությունների ձեռքին պատժի միջոց։ Պատգամավորը Գևորգյանի մահվան համար պատասխանատու է համարում իշխանության բոլոր ներկայացուցիչներին՝ ամենացածր պաշտոնյայից մինչև բարձրագույն ղեկավարություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment