Սահմանված ժամկետում գույքահարկը չվճարելու դեպքում տույժ է հաշվարկվում ամեն օրվա համար

Հայաստանում ֆիզիկական անձանց համար գույքահարկի վճարման վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։ Ուշացման ամեն օրվա համար հաշվարկվում է տույժ՝ ժամանակին չվճարված գումարի 0․075 %-ի չափով, հայտնում է Iravaban.net-ը:

ժամկետը սահմանված է Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (անշարժ գույքի հարկ) և 251-րդ հոդվածի 1-ին մասով (փոխադրամիջոցների գույքահարկ)՝ «մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ»։

Մինչև սահմանված վերջնաժամկետը քաղաքացիներին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք կարևոր հանգամանքների։

Առաջին հերթին հարկավոր է ճշտել վճարման ենթակա հարկի չափը։ Անշարժ գույքի համար հաշվարկված հարկային գումարների վերաբերյալ տվյալները հաշվառող մարմինները պարտավոր են մինչև նոյեմբերի 1-ը հրապարակել համայնքապետարանի վարչական շենքի տեսանելի հատվածում կամ տեղադրել իրենց պաշտոնական կայքերում։ Այս կարգավորումը նախատեսված է Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նույն ժամկետում պետք է ներկայացվեն նաև տրանսպորտային միջոցների գույքահարկի ծանուցագրերը՝ համաձայն 248-րդ հոդվածի 3-րդ մասի։

Կարևոր է նաև հաշվի առնել, որ հարկային ծանուցագիր չստանալը չի վերացնում գույքահարկն ամբողջությամբ վճարելու պարտավորությունը։ Այս դրույթն ամրագրված է Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 4-րդ և 248-րդ հոդվածի 4-րդ մասերով։ Քաղաքացիները կարող են իրենց հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք պահանջել համապատասխան հաշվառող մարմնից։ Դիմումը ստանալուց հետո այդ տեղեկանքը պետք է տրամադրվի երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ 233-րդ հոդվածի 5-րդ և 248-րդ հոդվածի 5-րդ մասերի համաձայն։

Փոփոխություն է կատարվել նաև անշարժ գույքի հարկի հաշվարկման չափում։ 2026 թվականից անշարժ գույքի սեփականատերերը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի, պարտավոր են վճարել հաշվարկված հարկի ամբողջ՝ 100 տոկոս գումարը։ Համեմատության համար՝ 2025 թվականին վճարման ենթակա էր հաշվարկված գումարի 75 տոկոսը։ Այս կարգավորումը սահմանված է Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ մասով։

Հարկային վճարումներ կատարելիս անհրաժեշտ է նաև ճիշտ որոշել այն համայնքի բյուջեն, որին պետք է փոխանցվի գումարը։ Անշարժ գույքի հարկը մուտքագրվում է այն համայնքի բյուջե, որտեղ գտնվում է տվյալ գույքը՝ համաձայն 236-րդ հոդվածի 1-ին մասի։ Ավտոմեքենաների դեպքում ֆիզիկական անձինք գույքահարկը վճարում են իրենց հաշվառման վայրի համայնքի բյուջե՝ 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով։

Առանձին ուշադրություն պետք է դարձնել նախորդ տարիներից կուտակված հարկային պարտավորություններին։ Մասնավորապես, ավտոմեքենան տեխնիկական զննության ներկայացնելուց առաջ սեփականատերը պետք է ամբողջությամբ մարած լինի նախորդ բոլոր տարիների գույքահարկի պարտքերը։ Այս պահանջը նախատեսված է Հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մասով։

Գույքահարկի վճարումն ուշացնելու դեպքում գործում են նաև ֆինանսական պատասխանատվության հստակ կանոններ։

Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն՝ սահմանված ժամկետում չվճարված հարկի նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկվում է 0․075 տոկոս տույժ։ Միաժամանակ օրենսդրությունը սահմանափակում է տույժերի հաշվարկման ժամանակահատվածը՝ այն թույլատրելով առավելագույնը 730 օրվա համար։

Օրինակ՝ եթե քաղաքացին ունի 10,000 դրամի չվճարված գույքահարկ, ապա յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկվող տույժը կկազմի 7․5 դրամ։ Հետևաբար վճարման ուշացման տևողությունից կախված՝ ավելանալու է նաև ընդհանուր պարտավորության չափը։

Օրենսդրությամբ որոշակի պահանջներ են նախատեսված նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացում։ Մինչև պետական գրանցումն իրականացնելը տվյալ գույքի հարկային պարտավորությունները պետք է ամբողջությամբ մարված լինեն՝ ներառյալ գրանցման ամսվա համար հաշվարկված հարկը։ Բացառություն է նախատեսված սեփականության իրավունքի առաջին պետական գրանցման համար։

Գրանցման գործընթացն իրականացվում է հարկային պարտավորությունների բացակայությունը հաստատող տեղեկանքի հիման վրա։ Համապատասխան պահանջներն ամրագրված են Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում։ Միաժամանակ օրենքով սահմանված են բացառություններ, որոնց թվում է, մասնավորապես, ժառանգությունն ընդունելու հիմքով սեփականության իրավունքի գրանցումը՝ համաձայն նույն հոդվածի 5-րդ մասի։

Leave a comment