Քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քրեական հետապնդումների և ազատազրկումների կիրառումը անհամատեղելի է ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների հետ. «Կոմիտե 26»

Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց հարցերով հանձնաժողովի (Կոմիտե 26)

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ ՆԸ

Արսեն Գևորգյանի մահվան և քաղաքական ընդդիմախոսների ազատազրկման կապակցությամբ

«Կոմիտե 26»-ն իր խորին վրդովմունքն է հայտնում Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ 2026 թվականի նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրված մահվան կապակցությամբ և դատապարտում է Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող համատարած հետապնդումները, ձերբակալություններն ու ազատազրկումները։

Արսեն Գևորգյանի մահը լրջագույն հարցեր է առաջացնում ազատազրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանության, քրեակատարողական հիմնարկներում վերահսկողության իրականացման, ինչպես նաև պետական մարմինների պատասխանատվության վերաբերյալ։

Ազատազրկված անձի կյանքը, առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելը պետության անմիջական պարտականությունն է։

Ազատազրկման փաստը ոչ միայն չի ազատում պետությանը մարդու հիմնարար իրավունքները հարգելու և պաշտպանելու պարտականությունից, այլև առավել բարձր պատասխանատվություն է դնում իրավասու մարմինների վրա։

Նախկին դեպքերի ոչ լիարժեք քննությունը, պետական մարմինների հնարավոր պատասխանատվության պատշաճ գնահատականի բացակայությունը և մեղավոր անձանց պատասխանատվության չենթարկվելը խորացնում են անպատժելիության մթնոլորտը։ Այս համատեքստում առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում նաև Արմեն Գրիգորյանի՝ 2022 թվականի հուլիսի 15-ին դատարանի դահլիճում, կալանքի տակ գտնվելու ընթացքում մահվան դեպքը և 2026 թվականի մայիսի 16-ին «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում Արմեն Հովհաննիսյանի մահը։ Ըստ առկա տեղեկությունների՝ վերջինս ազատազրկվել էր նախընտրական գործընթացի ընթացքում պաստառ պոկելու դեպքի առնչությամբ՝ ունենալով հոգեկան առողջության խնդիրներ։

Քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քրեական հետապնդումների և ազատազրկումների կիրառումը, որոնք նպատակ ունեն սահմանափակել քաղաքական մրցակցությունը, լռեցնել ընդդիմախոսներին կամ վախեցնել քաղաքացիներին՝ նրանց քաղաքական գործունեությունից հետ պահելու նպատակով, անհամատեղելի է ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների հետ։

Առանձին և սկզբունքային նշանակություն ունի քաղաքական դրդապատճառներով հետապնդումների և անհիմն կալանավորումների գործընթացում ներգրավված դատավորների, դատախազների և այլ պաշտոնատար անձանց անհատական պատասխանատվության հարցը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Կոմիտե 26» -ը պահանջում է՝

➢ Ապահովել Արսեն Գևորգյանի՝ 2026 թվականի նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած մահվան հանգամանքների անկախ, անաչառ, համակողմանի և արդյունավետ քննությունը՝ պարզելով մահվան պատճառները, քրեակատարողական հիմնարկի և բժշկական ծառայությունների պատասխանատու աշխատակիցների գործողությունները կամ անգործությունը, ինչպես նաև պետական մարմինների հնարավոր պատասխանատվությունը։

➢ Համակողմանիորեն ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց մահվան նախորդ դեպքերը՝ գնահատելով պետական մարմինների գործողություններն ու հնարավոր անգործությունը, ինչպես նաև օրենքի խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը։

➢ Իրավական գնահատական տալ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների և անհիմն կալանավորումների գործընթացում ներգրավված դատավորների, դատախազների և այլ պաշտոնատար անձանց գործողություններին՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ապահովելով նրանց անհատական պատասխանատվության հարցի քննությունը։

➢ Դադարեցնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումները, վերանայել բավարար իրավական և փաստական հիմքեր չունեցող կալանավորումները և ապահովել քաղաքական առողջ, ազատ ու հավասար մրցակցային միջավայր։

Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն։

Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց հարցերով հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment