Աննա Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.
«Երևանի քաղաքապետարան, ձեր տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» (կին) 13 տարեկան անչափահաս աղջկաս ԻՋԵՑՐԵԼ Է ԱՎՏՈԲՈՒՍԻՑ ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ։
Պատճա՞ռը. Երեխայի քարտի վրա գումար չի եղել, սակայն ավտոբուս բարձրանալիս նրա փոխարեն ՎՃԱՐԵԼ Է ՀԱՅՐԸ։
Երեխաս բացատրել է, որ վճարված է, վարորդը լռել է, իսկ վերահսկողը կոպիտ պատասխանել է, թե իրեն չի հետաքրքրում։ Իջեցրել է ավտոբուսից, որպեսզի լիցքավորի քարտը… Ավելին՝ երեխայիս հեռախոսով զանգել է ինձ և հայտարարում է, թե «ձեր երեխան անչափահասի տեսք չունի», ու պահանջում, որ ես իրեն ուղարկեմ 13-ամյա երեխայի ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԸ։ Իմ բորբոքված խոսքից հետո անջատել է հեռախոսը, դրանից հետո երեխայիս թողել անծանոթ կանգառում ՄԵՆԱԿ ու կորել գրողի ծոցը։
Ամբողջ երկիրը բարդակի եք վերածել, միայն այստե՞ղ փորձեցիք հաստատել ձեր կարգուկանոնը։ Գուցե ավելի լավ կլիներ հետաքրքրվեիք քաղաքում վխտացող թմրամիջոցներով ու ամենօրյա դանակահարություններով, ոչ թե երեխային իջեցնեք ճանապարհին, շպրտեք քաղաքի մեջտեղում ու անհետանաք։
Հիմա` ՀԱՐՑ.
Ո՞ր օրենքով է ձեր աշխատակիցն իրավունք ստացել անչափահասից անձնագիր պահանջել, իջեցնել ավտոբուսից և վերջում մեն-մենակ թողնել փողոցում։
Եթե իմ 13 տարեկան երեխային մի բան պատահեր անծանոթ վայրում, Ո՞Վ ԷՐ ԿՐԵԼՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ։
Սա կարգուկանոն չէ, սա սանձարձակություն է, իրավական ինքնագլխություն։ Զանգի ճշգրիտ ժամը ֆիքսված է իմ հեռախոսում։ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ անհապաղ հանել տվյալ ավտոբուսի տեսախցիկների կադրերը, նույնականացնել այդ աշխատակցին և համապատասխան քայլեր ձեռնարկել…
Լինելու եմ հետևողական….»:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնում է.
«Անչափահաս երեխային ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ հանրային տրանսպորտից իջեցնելու դեպքի առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատուներն արդեն տեղյակ են միջադեպից։
Դեպքի բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրելուց հետո ընկերությունը հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ»։
ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.
«Երեկ սոցիալական ցանցում հրապարակվեց 13-ամյա աղջկա մոր ահազանգը։ Ըստ նրա՝ Երևանի թիվ 38 ավտոբուսում տրանսպորտային վերահսկողության աշխատակիցը երեխային իջեցրել է ավտոբուսից և մենակ թողել անծանոթ կանգառում։
Պատճառը՝ երեխայի տրանսպորտային քարտի վրա գումար չի եղել, թեև, մոր հավաստմամբ, նրա փոխարեն ուղեվարձը վճարել էր հայրը։
Երեկ երեկոյան անձամբ զրուցել եմ երեխայի մոր հետ։ Այսօր պաշտոնապես կդիմեմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով պարզաբանել կատարվածի իրավական հիմքերը։
Եվ այստեղ կա մի կարևոր հանգամանք, որի մասին, կարծես, մոռացել են։
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվությունը սկսվում է 16 տարեկանից։ Այսինքն՝ նույնիսկ եթե երեխայի ուղեվարձը վճարված չլիներ, նրան ենթարկել վարչական պատասխանատվության հնարավոր չէր։
Իսկ հիմա մի քանի հարց։
Ի՞նչ իրավունքով է վերահսկողը պահանջել երեխայի անձնագրի լուսանկարը։
Ի՞նչ իրավական հիմքով է նրան իջեցրել ավտոբուսից՝ առանց համոզվելու, որ երեխան կարող է անվտանգ շարունակել ճանապարհը։
Ո՞վ էր պատասխան տալու, եթե անծանոթ վայրում մենակ մնացած 13-ամյա աղջկան որևէ բան պատահեր։
Եվ վերջապես՝ արդյո՞ք Երևանի տրանսպորտային վերահսկողության աշխատակիցները հստակ հրահանգներ ունեն անչափահասների հետ վարվելու վերաբերյալ։
Ես կողմ եմ հասարակական տրանսպորտում կարգուկանոնին և բայց այն չի կարող հաստատվել երեխայի անվտանգության հաշվին։
ԵՐԵԽԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐ ԴԱՍՎԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՎՃԱՐԻՑ։
Ակնկալում եմ, որ քաղաքապետարանը կուսումնասիրի միջադեպը, կապահովի ավտոբուսի տեսագրությունների պահպանումը, կպարզի բոլոր հանգամանքները և հանրությանը կներկայացնի հիմնավորված պարզաբանում։
Այս հարցը միայն մեկ երեխայի մասին չէ։ Սա վերաբերում է մեր բոլոր երեխաների անվտանգությանը և պետական ու համայնքային ծառայողների պատասխանատվությանը։
Օրենքը պետք է պաշտպանել՝ սկսելով երեխայի իրավունքներից»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: