Բրիտանական հակաահաբեկչական ոստիկանությունը հաղորդել է, որ ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով։ 41-ամյա բարձրաստիճան զինծառայողը ձերբակալվել է Գլոսթերշիրի մերձակայքում, գրում է BBC-ն։
Լոնդոնի հակաահաբեկչական ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը ձերբակալվել է 2023 թվականի Ազգային անվտանգության մասին օրենքի առաջին և երրորդ հոդվածների հիման վրա։ Օրենքի առաջին հոդվածը վերաբերում է պաշտպանված տեղեկատվություն ստանալուն կամ բացահայտելուն, իսկ երրորդը՝ օտարերկրյա հետախուզական ծառայությանն աջակցելուն։ Հետաքննության շրջանակում իրավապահները խուզարկություններ են իրականացնում Գլոսթերշիրի երկու հասցեներում։
BBC-ի տեղեկություններով՝ զինծառայողը տեղակայված է եղել Գլոսթերշիրի Ինսվորթ քաղաքում գտնվող Իմջին զորանոցում։ Այն ծառայում է որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցների արագ արձագանքման կորպուսի (ARRC) շտաբ՝ դաշինքի ռազմավարական օպերատիվ բազա։
Հակաահաբեկչական ոստիկանությունը հայտնել է, որ այս գործը կապ չունի որևէ այլ ընթացիկ հետաքննության հետ։
ՀԴԲ տնօրեն Քաշ Պատելը հայտարարել է, որ «այս ձերբակալություն չափազանց մտահոգիչ է Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների համար»։
«Քանի դեռ այս հետաքննությունը շարունակվում է, ցանկանում եմ հստակ ուղերձ հղել՝ ՀԴԲ-ն անհանդուրժողականություն է ցուցաբերում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դրժում են Միացյալ Նահանգներին տված իրենց երդումը և իրենց գործողություններով վտանգում մեր ազգային անվտանգությունն ու մեր գործընկերների անվտանգությունը»,- հավելել է Պատելը։
Լոնդոնի հակաահաբեկչական ոստիկանության փոխտնօրենի տեղակալ Վիքի Էվանսը ձերբակալությունը որակել է «նշանակալի»։
«Մեղադրանքները լուրջ են, մեր հետաքննությունը դեռ ակտիվորեն շարունակվում է»,- հայտարարել է նա։
Ձերբակալված զինծառայողը, որի անունը չի նշվում, ներկայում գտնվում է Լոնդոնի ոստիկանական բաժանմունքներից մեկում՝ կալանքի տակ։ Նա ձերբակալվել է 2023 թվականի Ազգային անվտանգության մասին օրենքի հիման վրա, որը ոստիկանությանը թույլ է տալիս մինչև 14 օր պահել նրան կալանքի տակ՝ առանց մեղադրանք առաջադրելու։
«Զգայուն տեղեկատվության հասանելիություն ունեցող բարձրաստիճան զինծառայողի ենթադրյալ գործողությունները սթափեցնող հիշեցում են այն մասին, որ ներքին սպառնալիքներն իրական են և մշտական։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր կասկածելի որևէ բան են նկատել, այդ մասին հայտնել իրենց տեղական հակահետախուզական գրասենյակին»,- հայտարարել է ԱՄՆ բանակի հակահետախուզության հրամանատարության ղեկավար, բրիգադի գեներալ Շոն Սթինչոնը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի