Կարևորվել է անձի ֆունկցիոնալության գնահատման և ծառայությունների ոլորտի խնդիրների բարձրաձայնումն ու դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկների ներկայացումը

Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի համաձայն։ Մինչ վերոնշյալ օրենքի ընդունումը գործում էր բժշկասոցիալական փորձաքննության համակարգը:

Անձի ֆունկցիոնալության գնահատման և ծառայությունների անհատական ծրագրի հետ կապված ընթացիկ խնդիրները քննարկվել են Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Զարուհի Բաթոյանի նախաձեռնած աշխատանքային քննարկման ընթացքում։

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը, Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը, ֆունկցիոնալության գնահատման համակարգի պատասխանատուներ, ներկայացուցիչներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից, շահագրգիռ կառույցներից ու հասարակական կազմակերպություններից։

Զարուհի Բաթոյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, կարևորել է ոլորտի խնդիրների բարձրաձայնումն ու դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկների ներկայացումը։

Ոլորտում իրականացվող գործընթացների մոնիթորինգ կատարողներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են անձի ֆունկցիոնալության գնահատման ժամկետներից, բնագավառում ծառայությունների կազմակերպման արդյունավետության բարձրացումից, իրազեկման գործընթացների պարզեցման անհրաժեշտությունից, ծառայությունների անհատական ծրագրերի մշակման ու օրենսդրական լուծում պահանջող խնդիրներից՝ ներկայացնելով դրանց վերաբերյալ մի շարք առաջարկներ։

Քննարկմանը մասնակցող խորհրդարանականները վստահեցրել են, որ իրենց իրավասությունների շրջանակում հետևողական կլինեն բարձրացված խնդիրների լուծման հարցում։

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment