ՀԱՊԿ ԱԳ նախարարները կառաջարկեն զրկել ՀՀ-ին ձայնի իրավունքը (PAN.am)

ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշման նախագիծ կներկայացնեն: Այդ մասին նոյեմբերի 10-ին Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Արդեն ավելի քան երկու տարի Երևանը չի փոխանցում անդամավճարները, ինչի կապակցությամբ բարձրացվել է ՀՀ նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի դրույթների կիրառման հարցը։ Համապատասխան որոշման նախագիծը նախատեսում է կասեցնել կազմակերպության մարմիններում քվոտայով նախատեսված պաշտոններում Հայաստանի քաղաքացիների թեկնածություններ առաջադրելու իրավունքը և զրկել ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը»,- ասել է Լավրովը, գրում է Interfax-ը:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը քննարկվելու է նոյեմբերի 11-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։

«Սակայն ուզում եմ ընդգծել. նույնիսկ այդ որոշման ընդունումից հետո հայ գործընկերները փաստացի կպահպանեն Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված բոլոր հիմնական իրավունքները, այդ թվում՝ հենց հավաքական անվտանգության իրավունքը»,- պարզաբանել է Լավրովը։

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ կողմ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի հեռացմանը։ Նա նաև նշել էր, որ գոհ կլինի, եթե նման որոշում կայացվի։

Փաշինյանի խոսքով՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանը մտադիր չէ ակտիվացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին։ Վարչապետը հայտարարել է, որ կազմակերպության նկատմամբ Երևանի հետաքրքրությունն արդեն սպառվել է։

Leave a comment