ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջի Story բաժնում կիսվել է Աննա Հակոբյանի՝ Երևանի խցանումներին վերաբերող տեսանյութով, որում մեքենայում գտնվող Հակոբյանը դժգոհում է մայրաքաղաքի երթևեկության վիճակից։
«Երևանն արագ տեմպերով զարգանում է։ Աչքդ որ կողմը թեքում ես՝ նոր շենքեր են վեր խոյանում, նոր թաղամասեր են հիմնադրվում, մեկը մեկից գեղեցիկ, խնամված, գրավիչ ապրելու համար։ Նոր բնակելի համալիրներ՝ շատրվաններով, ջրվեժներով, փոքրիկ այգիներով։ Մի խոսքով, մայրաքաղաքը շինարարական բում է ապրում, ինչն անզուգական է։ Երևանն արագ տեմպերով նաև գնում է առօրյա կյանքի համար ամենա-unfriendly քաղաքը դառնալու ճանապարհով։ Մայրաքաղաքի A կետից C կետ հասնելու համար մարդուց պահանջվում է տիեզերագնացի առողջություն, հատկապես՝ ամուր սիրտ-անոթային և նյարդային համակարգ։ Ի՞նչ պետք է անել, որպեսզի տնտեսական աճի, սնկի նման աճող շենքերի, բնակչության թվի աճի, մեքենաների թվի աճի, զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելը ինֆարկտի բուն չդառնա»,- ասում է Աննա Հակոբյանն իր տեսանյութում։
Ալեն Սիմոնյանի՝ տեսանյութով կիսվելը ուշագրավ է Երևանի քաղաքապետի պաշտոնին նրա հավակնելու մասին խոսակցությունների ֆոնին։ Մասնավորապես, մամուլը գրում է Երևանի ավագանու հերթական ընտրություններին ընդառաջ գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի միջև հնարավոր մրցակցության մասին։
Սեպտեմբերի 16-ին Factor TV-ի հետ զրույցում Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ավագանու առաջիկա ընտրություններին, հաստատել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է ընտրություններին, և ինքը պատրաստվում է դրան՝ առանց հստակեցնելու՝ արդյոք ինքն է լինելու կուսակցության թեկնածուն։
«Իհարկե, պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին, վստահորեն պատրաստվում ենք առաջիկա ընտրություններին, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ընտրություններին։ Ես կարծում եմ, որ որևէ պարագայում, ինչ էլ որ մենք որոշենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ճիշտ որոշում կընդունի»,- ասել էր նա։
Հարցին՝ հնարավո՞ր է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն լինի ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, Ավինյանը պատասխանել էր։
«Ես կարծում եմ՝ մեր որոշման մասին դուք կիմանաք այն պահին, երբ որ այդ որոշումը կայացվի։ Դեռևս չենք պլանավորում, երկու տարի ունենք»,- ասել էր Ավինյանը։
Ալեն Սիմոնյանը Աննա Հակոբյանի տեսանյութով կիսավելուց հետո ևս մեկ տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Երևանի խնդիրները մշտապես հետաքրքրել և հետաքրքրելու են իրեն։
«Ինչ վերաբերվում է որևիցե հավակնություններին քաղաքապետ դառնալու կամ որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելուն, պետք է ձեզ ասեմ, որ ես և դուք չգիտենք, թե ես ինչով զբաղված կլինեմ մի տարի հետո, վեց ամիս հետո, երկու տարի հետո, և նման խոսակցությունները ուղղակի անտեղի են։ Շատ հավանական է, որ ես զբաղված լինեմ մեկ այլ գործով, շատ հավանական է, որ այն գործը, որով ես հիմա զբաղվում եմ, լինի այնքան ծանրաբեռնված կամ այնպիսի փուլում, որ ես ընդհանրապես որևիցե բանով չկարողանամ զբաղվել։ Շատ հնարավոր է, որ ես ընդհանրապես զբաղվեմ մասնավոր ինչ-որ գործունեությամբ։
Ո՞վ գիտի, կյանք է»,- ասում է Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանն ընդգծում է, որ քաղաքապետ դառնալու շուրջ քննարկումներ չեն եղել։
«Երևանն ունի իր քաղաքապետին, քաղաքապետի անունը Տիգրան Ավինյան է։ Եվ նման քննարկումներ, նման խոսակցություններ ես ո՛չ ունեմ և ո՛չ էլ ունեցել եմ։ Ես չեմ բացառում, որ մեր թիմի յուրաքանչյուր անդամ կարող է որևիցե բանի հավակնել, բայց կրկնում եմ՝ նման խոսակցություններ չկան, և Աստված գիտի, թե մի տարի հետո, վեց ամիս հետո, երկու տարի հետո ինչով զբաղված կլինենք և ինչ կլինի։ Ուստի՝ զերծ մնացեք նման շահարկումներից»,- հորդորում է ԱԽ քարտուղարը։
Իսկ Աննա Հակոբյանն իր տեսանյութում անդրադառնում է նաև առաջիկա տոնական շրջանին՝ նշելով, որ ամանորյա գնումների մեկնարկին զուգահեռ մայրաքաղաքում շարունակվելու են դպրոցականների, ուսանողների, աշխատողների և զբոսաշրջիկների տեղաշարժերը։
«Բա որ հանկարծ նաև ձյուն գա՞։ Ի՞նչ պետք է անել, որպեսզի տնտեսական աճի, սնկի նման աճող շենքերի, բնակչության թվի աճի, մեքենաների թվի աճի, զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելը ինֆարկտի բուն չդառնա։ Ես այս հարցի պատասխանը չունեմ, կարծում եմ՝ շատերն այս հարցի պատասխանը չգիտեն, և մենք պարտավոր էլ չենք այս հարցի պատասխանն իմանալ, որովհետև դա մեր աշխատանքը չէ։ Բայց կան մարդիկ, ում համար այս հարցի պատասխանը վաղուց գտած լինելը աշխատանքային պարտականություն է։ Ճիշտ է՝ ակնհայտորեն մի քիչ ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինարարական թույլտվություն տալը։ «Թույլատրվում է»՝ մի կախարդական մակագրություն, որի համար այնքան քիչ ջանք է հարկավոր, և որն այնքան մեծ ազդեցություն ունի»,- ասում է Հակոբյանը։
Տեսանյութի ավարտին նա հիշատակում է աշխարհի գերբնակեցված քաղաքները՝ նշելով, որ Երևանը ևս պետք է պատրաստվի բնակչության և մեքենաների թվի աճին՝ համապատասխան ենթակառուցվածքներ զարգացնելով։
Արփի Հակոբյան