«Կոնկրետ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ինքնաբացարկ հայտնելու հիմքով այն բանի համար, որ նա այդպիսով խուսափել է արդարադատություն իրականացնելուց։ Ինքնաբացարկ հայտնելու հիմքով արդարադատություն իրականացնելուց խուսափելու տրամաբանության մեջ վարույթներ են նախաձեռնվել նաև այլ դատավորների նկատմամբ, որոնք չեն քննում ձեր կողմից նշված եկեղեցականների վերաբերյալ որևէ գործ։ Այսինքն՝ շեշտադրումները պետք է ճիշտ կատարենք։ Խնդիրը եկեղեցականները կամ գործերը չեն, խնդիրը կոնկրետ դատավորի վարքագիծն է։ Եվ օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու համապատասխան դիմումների առկայության դեպքում արդարադատությունից խուսափող անձանց պատասխանատվության կանչելու գործում»,- այսօր ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Լրագրողը նկատել էր, որ դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել էր նախարարի նախաձեռնությամբ՝ կապված Արշակ սրբազանի գործի հետ։ Այդ գործի շրջանակներում վարույթ էր հարուցվել, և լրագրողը հետաքրքրվել էր՝ արդյոք մյուս հոգևորականների գործերով դատավորներին նո՞ւյն ճակատագիրն է սպասվում, և արդյոք դա չի՞ խոչընդոտում նրանց անկախությանը։
«Մենք դատավորի կամ դատավորների հետ կապված կարգապահական վարույթներ չենք հարուցում որևէ բանի պատճառով, որ իրենք քննում են ինչ-որ մեկի գործը։ Հարցադրումն ինքնին սխալ է, ամենայն հարգանքով։ Ուսումնասիրե՞լ, տեսե՞լ եք՝ ինչ հիմքով է հարուցվել կարգապահականը։ Այո՛, և դատավորն էլ հայտնել է, որ ինքը չի ընդունում․ դատավորները երբեք չեն ընդունում, բայց որոշողը Բարձրագույն դատական խորհուրդն է»,- հավելեց Սրբուհի Գալյանը։
Հարց հնչեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը վերանայելու հավանականության մասին։ Սրբուհի Գալյանը պատասխանեց. «Վերանայողը Արդարադատության նախարարությունը չէ, կալանք խափանման միջոցը նշանակողը Արդարադատության նախարարությունը չէ, կալանքի միջնորդություն ներկայացնողը Արդարադատության նախարարությունը չէ։ Կալանավորումը այսպես թե այնպես բացառիկ խափանման միջոց է և միայն խիստ-խիստ անհրաժեշտ դեպքերում է նշանակվում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հայաստանում կալանավորված և դատապարտված անձանց մասին հենց նախարարության հրապարակած տվյալների վերաբերյալ հարցին էլ Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ այդպես էր հինգ տարի շարունակ։ Վերջին մեկ տարվա ընթացքում առաջընթաց կա՝ կալանքների քանակը նվազել է։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: