Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը․ ՔԿՀ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից հայտնում են

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորեց` վարկաբեկման արշավ սկսեց անհիմն մեղադրանքներով։

Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում և կալանավորում են։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորին ցավակցություններ է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հայտնում են

Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձ (կալանքի սկիզբը՝ 21․10․2026թ․) Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը։

Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։

Նշենք, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։

Լուսանկարը՝«Ազատության»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment