Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

10.11.2026 | 16:28

Բուլղարիայի հարավ-արևելքում գտնվող «Թրակիա» մայրուղու վրա տրանսպորտային միջոցների մի շարք բախումների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել, գրում է Euronews-ը։

«Այս պահի դրությամբ զոհերի թիվը կազմում է 11 մարդ, ևս 48 մարդ վիրավորում է ստացել», ճլրագրողներին հայտնել է վարչապետ Ռումեն Ռադևը՝ մեկնաբանելով Սոֆիան Սև ծովի ափին գտնվող Բուրգաս քաղաքի հետ կապող մայրուղու՝ Յամբոլ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած վթարը։

Ողբերգության պատճառ են դարձել «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած երկու շղթայական բախումները։ Իշխանությունների խոսքով՝ Բուլղարիայի ճանապարհները Եվրամիությունում ամենավտանգավորներն են։

Ինչպես պետական BTA լրատվական գործակալությանը հայտնել է Յամբոլի մարզի վարչակազմի ղեկավար Գեորգի Չալակովը, վթարին մասնակցել է շուրջ 50 մարդատար և բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր են շտապ ժամանել կառավարության ներկայացուցիչները։

Դեպքի վայրից տարածված կադրերում երևում են շրջված և ջարդված ավտոմեքենաներ ու բեռնատարներ, ինչպես նաև ամբողջությամբ այրված տրանսպորտային միջոցներ։ Ռադևը պետք է հանդիպեր Բուլղարիա այցով ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, սակայն վարչապետը չեղարկել է այդ օրվա համար նախատեսված բոլոր պաշտոնական միջոցառումները։

Տուժածներին տեղափոխում են մոտակա քաղաքների հիվանդանոցներ։ Կառավարությունը վթարի վայր է ուղարկել նաև երկու ինքնաթիռ՝ պատգարակներով և բժշկական անձնակազմով։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2025 թվականին Բուլղարիայում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչին բաժին է ընկել 71 զոհ։ Սա ամենաբարձր ցուցանիշն է Եվրամիության երկրներում։

 

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment