Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին

Քաղաքականություն

10.11.2026 | 16:10

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պահպանվող միջազգային լարվածության պայմաններում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է շարունակեն ընդլայնել կազմակերպության ներուժը և համակարգել ջանքերը՝ պաշտպանության, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի, կիբերհանցագործությունների դեմ հակազդեցության և կազմակերպության առջև ծառացած այլ խնդիրների լուծման ուղղությամբ։

«ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից կուտակվել է  կառուցողական համագործակցության զգալի փորձ։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ պահպանվող միջազգային լարվածության պայմաններում կարևոր է շարունակել ընդլայնել կազմակերպության ներուժը և համակարգել ջանքերը՝ նրա առջև ծառացած խնդիրների լուծման համար»,- ասվում է ՌԴ նախագահի ողջույնի ուղերձում, որը Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովում ընթերցել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Իր ուղերձում Պուտինը  նշել է, որ դա առաջին հերթին վերաբերում է «պաշտպանության ոլորտի խնդիրներին, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին, կիբերհանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ հակազդեցությանը»։

Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ համաժողովը կանցնի կառուցողական մթնոլորտում, իսկ դրա առաջարկներն ու նախաձեռնությունները պահանջված կլինեն գործնական աշխատանքում՝ ի շահ անդամ երկրների ժողովուրդների։

Հիշեցնենք, որ ՀՀ-ն ևս ՀԱՊԿ անդամ է, սակայն սառեցրել է իր անդամակցությունը։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում կարող է որոշում կայացնել՝ Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment