Թուրքիայի Բաթման նահանգի Մարաթուկ լեռան վրա ավարտվել են 4-5-րդ դարերով թվագրվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները, հայտնում է Factor.am-ը թուրքական լրատվամիջոցների վրա հղումով:
Նախաձեռնությունների հիմնական նպատակն է լեռնային տարածքը վերածել զբոսաշրջային գրավիչ ուղղության՝ ապահովելով այցելուների հոսք տարվա բոլոր եղանակներին։
Եկեղեցին գտնվում է պատմական Սասունի շրջանում՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա։ Այն հայկական քրիստոնեական ժառանգության նշանակալի հուշարձաններից է և առանձնահատուկ հոգևոր արժեք ունի հայ հավատացյալների համար։
Սասունի շրջանի ղեկավար Ֆուրկան Բաշարը տեղեկացրել է, որ եկեղեցու հարակից տարածքում իշխանությունները ձեռնամուխ են եղել նաև մզկիթի կառուցմանը։ Դրան զուգահեռ իրականացվում են ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ՝ նպատակ ունենալով զբոսաշրջիկների համար առավել դյուրին դարձնել Մարաթուկ լեռ հասնելը։
Մասնավորապես, լեռան գագաթ տանող ճանապարհի մոտ 19 կիլոմետրանոց հատվածն արդեն ասֆալտապատվել է։ Այցելուների հարմարավետության համար ստեղծվել են ճամբարային հատուկ տարածքներ, կառուցվել են հետիոտն արշավների համար նախատեսված արահետներ և սրճարաններ։
Տարածքում շարունակվում են նաև լեռնադահուկային հանգստավայրի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսված են ձմեռային զբոսաշրջության զարգացման համար։
Տեղական իշխանությունների ծրագրով՝ իրականացվող նախաձեռնությունները պետք է նպաստեն Մարաթուկ լեռան զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և այցելությունների սեզոնայնության նվազեցմանը։ Նպատակ է դրվել ապահովել զբոսաշրջիկների կայուն հոսք ոչ միայն տարվա տաք ամիսներին, այլև աշնանային և ձմեռային ժամանակահատվածներում։