Ով է կալանավայրում մաhացած Արսեն Գևորգյանը

Արսեն Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Ստեփանավանի համայնքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուն է։ Նրա մասին հրապարակված տեղեկություններից հայտնի է, որ նա անհատ ձեռներեց է, Գևորգյանն իր հայտարարագրում նշել է տարեկան 37 միլիոն դրամ եկամուտ։

Նշենք նաև, որ Գևորգյանը հայտարարել է, որ Ստեփանավանում իրեն ճանաչում են բնակիչներին ցուցաբերած աջակցությամբ, սակայն այդ աջակցության բնույթի և ծավալների մասին մանրամասներ չի ներկայացրել։

 

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշել էր մասնակցել Ստեփանավանի հոկտեմբերի 25-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին՝ ցուցակի առաջին համարում առաջադրելով Արսեն Գևորգյանին։

Ստեփանավանում տեղի ունեցող իրադարձություններին քաղաքական գնահատական է տվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։ Նա հայտնել է, որ վաղ առավոտից խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում կուսակցության աջակիցների շրջանում՝ իրավապահների գործողությունները որակելով անօրինական։ Կուսակցության ներկայացուցիչները կատարվածը դիտարկում են քաղաքական համատեքստում։

 

Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ միայն հաստատել է քրեական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների և 14 անձի ձերբակալության փաստը։ Գերատեսչությունը չի հրապարակել այնպիսի մանրամասներ, որոնք թույլ կտային հաստատել կամ հերքել քաղաքական շարժառիթների մասին ընդդիմության պնդումները։

Հիշեցնենք, որ  Ստեփանավանում առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իրավապահների գործողությունների կենտրոնում էր հայտնվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է։

 

Leave a comment