ՌԴ արդարադատության նախարարն առաջարկում է ԱՊՀ-ում տեխնոլոգիական իրավական տարածք ստեղծել

Ռուսաստանի արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն առաջարկում է ԱՊՀ-ում ստեղծել անվտանգ և տեխնոլոգիական իրավական տարածք: Այս մասին նա հայտարարեց Երևանում ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի բացմանը:

Չույչենկոն նշեց, որ այս տարի նշվում է ԱՊՀ կազմավորման 35-ամյակը, ինչը հիշեցնում է պատմական, իրավական, հումանիտար, մշակութային փոխկախվածության և ընդհանրության մասին, որը երկրները ժառանգել են խորհրդային անցյալից: Նրա համոզմամբ, սա կարևոր և նշանակալի սահմանագիծ է, որը թույլ է տալիս արձանագրել, որ երկրները զուգահեռաբար ինտեգրում են կառուցում այլ միավորումների շրջանակներում:

«Մենք ԱՊՀ–ում համագործակցությունը դիտարկում ենք որպես այդ ընդհանրությունը իրավական ոլորտում կառուցողական, ինքնիշխան և փոխշահավետ զարգացման ռեսուրսի վերածելու ռազմավարական միջոց»,– ասաց ՌԴ արդարադատության նախարարը:

Չույչենկոն նշել է, որ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի արդյունավետությունը երկարաժամկետ հեռանկարում կորոշվի երկրների` նոր խնդիրներ իրենց վրա վերցնելու և դրանց վերաբերյալ համաձայնեցված լուծումներ գտնելու պատրաստակամությամբ:

«Մենք պետք է հանդես գանք որպես Համագործակցության միասնական, անվտանգ և տեխնոլոգիական իրավական տարածքի ճարտարապետներ։ Դա պետք է ուղղված լինի օրինականության ամրապնդմանը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը»,– ասաց նա:

Հիշեցնենք՝ Երևանում նոյեմբերի 10-ին անցկացվում է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի (տեսակապով), Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի արդարադատության նախարարությունների ղեկավարներն ու ղեկավարների տեղակալները:

Հայաստանը խորհուրդը գլխավորել է 2026 թվականին. նախագահությունը նրան է փոխանցվել 2025 թվականի հունիսի 25-ին Մինսկում կայացած 19-րդ նստաշրջանում:

Sputnik Արմենիա

Leave a comment