Deutsche Welle. Նիկոլ Փաշինյանը կբացակայի ՀԱՊԿ գագաթնաժողովից, որտեղ կարող է բարձրացվել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը

Գերմանական հեղինակավոր Deutsche Welle պարբերականն ուշագրավ հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքական օրակարգին և հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությանը: Մասնավորապես, նշվում է, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը ներկա չի գտնվելու: Փոխարենը, համաձայն կառավարական աղբյուրների փոխանցման, այդ նույն օրը նա կմասնակցի թուրքական Անթալիայում մեկնարկած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 31-րդ համաժողովին (COP31):  

Անդրադառնալով կառույցի շուրջ խորացող ճգնաժամին՝ պարբերականը մեջբերում է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինի գնահատականը, ըստ որի՝ անդամավճարների երկամյա չվճարման պատճառով ՀԱՊԿ-ն առաջիկա նիստում կարող է քննարկել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից ժամանակավորապես զրկելու հարցը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան այս քայլը որակել է որպես կանոնադրությամբ հստակ ամրագրված տեխնիկական ընթացակարգ:  

Հիշեցնելով նախորդող իրադարձությունները՝ հրապարակման մեջ շեշտվում է, որ պաշտոնական Երևանը 2024 թվականի փետրվարին փաստացի սառեցրել էր մասնակցությունը ռազմական այս դաշինքին, իսկ նույն տարվա մայիսին հրաժարվել նաև ֆինանսավորումից՝ որպես գլխավոր պատճառ նշելով այն, որ ՀԱՊԿ-ն չի արձագանքել Ադրբեջանի հետ հակամարտությանը և Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամին: Ինչպես նշում է Deutsche Welle-ն, ավելի վաղ հնչեցրած իր հայտարարություններում Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր, թե Հայաստանը միայն գոհ կլինի, եթե կազմակերպությունն ինքը որոշում կայացնի երկրին հեռացնելու մասին, ինչը կազատի ստեղծված երկդիմի իրավիճակից:  

Զուգահեռաբար, Արևմուտքի և մասնավորապես Եվրամիության հետ սերտացման գործընթացի ֆոնին, Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունները շարունակում են լարված մնալ, ինչի հետևանքով ռուսական կողմից վերջերս կիրառվել են որոշակի սահմանափակումներ հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment