Ֆրանսիան Իրանին է մեղադրել սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա կիբերհարձակումներ իրականացնելու մեջ

Երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարեց, որ հոկտեմբերին ֆրանսիական սուպերմարկետներում սառնարանային սարքավորումների վրա տեղի ունեցած կիբերհարձակումների հետևում կանգնած է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

Նա այս գործողությունը բնորոշել է որպես «աննախադեպ մասշտաբի և ագրեսիվության» դրսևորում։

«Սա մեր տարածքում իրականացված առաջին լայնածավալ կիբերդիվերսիոն հարձակումն էր, որը լուրջ ոտնձգություն է մեր ազգային շահերի և Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգության դեմ»,- Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բարոն։ Նա նշել, որ հարձակման համար պատասխանատու բոլոր անձանց նկատմամբ «եվրոպական մակարդակով» պատժամիջոցներ կկիրառվեն։

Ֆրանսիայի նախարարի խոսքով՝ Փարիզում Իրանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ «այս չափազանց ծանր արարքի կապակցությամբ վճռական բողոք հայտնելու համար»։ Բարոն ընդգծել է նաև, որ Ֆրանսիան կձեռնարկի «ցանկացած այլ անհրաժեշտ և համաչափ միջոց»՝ ի պատասխան միջադեպի՝ նպատակ ունենալով «զսպել նրանց, ովքեր կարող են փորձել կրկնել նման արարքը»։

Նույն օրը Փարիզի դատախազությունը հայտարարել է միջադեպի առնչությամբ հետաքննություն սկսելու մասին։ Հետաքննողները որպես հնարավոր կատարող դիտարկում են «Շահեդ Կավե» անունով հայտնի հաքերային խմբավորումը, որը կապված է ԻՀՊԿ-ի հետ։ Իրանը դեռևս չի մեկնաբանել ֆրանսիական իշխանությունների հայտարարությունը։

Հոկտեմբերի 12-ի գիշերը Ֆրանսիայի տարածքում հարյուրավոր սուպերմարկետներ ենթարկվել էին կիբերհարձակման, որի հետևանքով խափանվել էին դրանց սառնարանային համակարգերը։ Հաքերներին հաջողվել էր հեռակա կարգով փոխել սառնարանների և սառցարանների ջերմաստիճանը՝ մի քանի ժամով բարձրացնելով այն մինչև 50 աստիճան ըստ Ցելսիուսի։ Արդյունքում՝ խանութները ստիպված էին եղել դեն նետել փչացած սննդամթերքը։ Որոշ դեպքերում գրանցվել էին հրդեհներ և տեխնիկական խափանումներ։

Նոյեմբերի սկզբին սուպերմարկետների սառնարանային սարքավորումներին ուղղված նմանատիպ կիբերհարձակումներ էին գրանցվել նաև Բելգիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում և Շվեդիայում։

 

Leave a comment