Հասցրել էինք մտերմանալ, ընտիր տղա էր. փաստաբանը՝ Արսեն Գևորգյանի մասին

Այսօր առավոտյան կալանավայրում հանկարծամահ է եղել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Ստեփանավանի համայնքապետի թեկնածու, 46-ամյա Արսեն Գևորգյանը, որը ձերբակալվել, ապա կալանավորվել էր մոտ 20 օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Արսեն Գևորգյանին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության այլ անդամների մեղադրում էր կազմակերպված խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ընտրակաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթը հարուցվել էր 2026 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակված Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին: Արսեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել 2-ամսյա կալանքը:

Սակայն նրա պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը MediaHub-ին հաստատեց ցավալի լուրը՝ նշելով, որ օրերս նրան այցելելու ժամանակ առողջական վիճակից գանգատներ չի ունեցել, չի դժգոհել և բժշկական օգնության անհրաժեշտություն չի ունեցել։

«Մեզ հետ զրուցելիս գանգատներ չի ունեցել, համայն թե՝ մեզ ոչինչ չի ասել, չգիտեմ, թե հետագայում ինչ կպարզվի առողջական վիճակի վերաբերյալ»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս պահին երկրում չէ և վերադառնալուն պես ավելի հստակ տեղեկատվություն կտրամադրի իր պաշտպանյալի մահվան վերաբերյալ, երբ մանրամասները ուսումնասիրի։ «Երբ լսեցի նրա մահվան մասին լուրը, շատ վատ զգացի, այս ընթացքում հասցրել էինք մտերմանալ, ընտիր տղա էր, և նրա կորուստը մեծ ցավ է ինձ համար։ Նրան մեղսագրվող արարքը հատուկ չէր նրա տեսակին ու խնդրահարույց էր»,- ցավով նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ շարունակվելո՞ւ է արդյոք դատական գործի քննությունը նրա մահից հետո, փաստաբանն ասաց, որ այս պահին դա երկրորդական է, դեռ չի քննարկվել, քանի որ հարազատները պետք է նման ցանկություն հայտնեն։ Երբ կխոսի հարազատների հետ, այն ժամանակ հասկանալի կլինի՝ գործի քննությունը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ։

Թագուհի Ասլանյան

Leave a comment