Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն

Հասարակություն

10.11.2026 | 11:31

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական ծառայությունից։

«Նոյեմբերի 10-ին՝ ժամը 07։55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Ժամը 08։30-ի սահմաններում շտապօգնության անձանակազմի կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,- նշեց ՔԿԾ հասարակայնության և լրատվության վարչության պետ Նոնա Նավիկյանը։

Ավելի վաղ՝ այս մասին հայտնել էր Makaryannews-ը․ «Մեր տեղեկություններով` Գևորգյանի մոտ սրտի կաթված է եղել և նա հանկարծամահ է եղել»,- գրել էր լրատվականը։

Հիշեցնենք՝ Ստեփանավանը միակ համայնքն էր, որտեղ առաջադրված էր գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը։ 2609 քվե ստացած ուժի առաջին համարի թեկնածու Արսեն Գևորգյանն ընտրություններից 4 օր առաջ ընտրակաշառքի գործով կալանավորվել էր։

Ըստ Կոմիտեի՝ Գևորգյանն ընտրությանը մասնակցելու և այդ քաղաքական ուժի օգտին քվեարկելու պայմանով, մի քանի տասնյակ ընտրողների ընտրակաշառք էր տվել։ Մինչ տեսանյութի տարածումը՝ վաղ առավոտից «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի գրասենյակում խուզարկություններ էին իրականացվել, ձերբակալվել էր 14 անձ։ Այդ գործողություններն «Ուժեղ Հայաստան»-ը քաղաքական հետապնդում էր որակում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment