ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել։ Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալը, իսկ Ցահքնան Հայաստանի նախարարին՝ Էստոնիայի ԱԳՆ «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշանը։
ԱԳՄԱ-ից հայտնում են, ու նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանը՝ Մարգուս Ցահքնայի հրավերով, որպես պատվավոր հյուր մասնակցել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Էստոնիայի նախագահը, խորհրդարանի նախագահը, Լիտվայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները։
Իր ելույթում Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Էստոնիան միավորում են անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կառուցելու ընդհանուր արժեքներն ու ձգտումները։
Նա հիշեցրել է երկու ժողովուրդների պատմական կապերի մասին՝ նշելով, որ դեռևս 19-րդ դարում հայ ուսանողներ և մտավորականներ են ուսանել Տարտուի համալսարանում, իսկ 1906 թվականին Վահան Տերյանը, ոգեշնչվելով մի երիտասարդ էստոնուհուց, գրել է «Էստոնական երգ» բանաստեղծությունը։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Միրզոյանը նշել է, որ այս տարվա ապրիլին Էստոնիան Երևանում բացել է ռեզիդենտ դեսպանություն, իսկ առաջիկա ամիսներին Հայաստանն իր հերթին ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում։ Նրա խոսքով՝ այս քայլը կարևոր հանգրվան կլինի երկու երկրների գործընկերության ամրապնդման ճանապարհին։
Հայաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Էստոնիայի դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, իսկ այսօր գործընկերությունը թևակոխել է նոր՝ առավել հավակնոտ փուլ։
Միջոցառման ավարտին Միրզոյանը հույս է հայտնել, որ ներկաները հնարավորություն կունենան վայելելու հայկական գինին ու կոնյակը՝ առաջարկելով բաժակ բարձրացնել երկու պետությունների հարատևության և ժողովուրդների բարեկամության համար։