«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ՍԴ նախագահի ընտրություանն առնչվող հանգամանքները պետք է քրեական վարույթի և քննության առարկա դառնան։
Նա հավելել է, որ գործող իշխանությունը ցույց է տալիս, որ նախորդ իշխանությունից ոչ մի բանով լավը չէ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Մենք բոլորս նախորդ իշխանություններին քննադատել ենք, որ Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկին՝ Հրայր Թովմասյանին գործուղեցին Սահմանադրական դատարան` որպես դատարանի նախագահ, և բարձր դատարանը դարձավ Հանրապետական դատարան։ Այսօր իշխող ուժը նույն բանն է անում. Վլադիմիր Վարդանյանին, որը «Քաղպայմանագրի» կարկառուն դեմքերից էր վերջին 8 տարիների ընթացքում, դարձնում է Բարձր դատարանի նախագահ, ընդ որում` շատ բարդ ընտրությունների միջոցով»,– ասել է Մարուքյանը։
Շաթիրյանի հրաժարականն ու Վարդանյանի ընտրությունը, Էդմոն Մարուքյանի գնահատմամբ, ՀՀ դատական իշխանության խնդիրների լուրջ ինդիկատոր են։
«Այսինքն՝ դատական իշխանությունն անկախ չէ Հայաստանում գործադիր իշխանությունից և անկախ չէ իշխող քաղաքական ուժից։ Ակնհայտ երևում է, որ ինչ-որ կուլիսային բաներ տեղի ունեցել են, որովհետև ՍԴ նախագահը 3–րդ անգամից է ընտրվել, փոխնախագահն էլ հրաժարական է տվել։ Կարծում եմ, եթե մամուլում նման տեղեկություն կա, ապա հաղորդում է և հիմք է, որ քրեական գործ հարուցվի և քննություն իրականացվի Սահմանադրական դատարանում տեղի ունեցածի վերաբերյալ»,– նշել է Մարուքյանը։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ Մարուքյանը նաև կասկած է հայտնել նրա անաչառության վերաբերյալ։ Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի՝ Վարդանյանի քաղաքական կապերը թույլ չեն տալիս նրան դիտարկել որպես անկախ և անկողմնակալ դատավոր, քանի որ «նա իր պաշտոնի, հետագայում իր առաջխաղացման համար շնորհակալ է «Քաղաքացիական պայմանագրին»»։
Մարուքյանը նաև ուշադրություն է հրավիրել Վլադիմիր Վարդանյանի անցած մասնագիտական և քաղաքական ճանապարհի վրա։ Նա հիշեցրել է, որ մինչև 2018 թվականի հեղափոխությունը Վարդանյանն արդեն աշխատել է Սահմանադրական դատարանում՝ դեռևս Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակաշրջանում։
«Հեղափոխությունից հետո միացել է իշխանության եկած ուժին, դարձել նոր իշխանության ջատագովը, տեղավորվել իշխանության մեջ և պաշտոններ զբաղեցրել նաև այս իշխանության օրոք։ Այսինքն՝ նա մի մարդ է, որը, եթե վաղը ուրիշ իշխանություն կգա, կանցնի այդ ուրիշ իշխանության կողմը»,– ասել է Մարուքյանը։
Հոկտեմբերի 12-ին ավարտվել է Արման Դիլանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Դատարանի նախագահի պաշտոնում առաջադրվել է դատավոր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, իսկ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն առաջադրել է սեփական թեկնածությունը։ Հաջորդած երկու փակ և գաղտնի քվեարկությունների արդյունքում դատարանի նախագահ ընտրել չի հաջողվել։
Երրորդ քվեարկության ընթացքում ձայների հարաբերակցությունը մեկ ձայնի տարբերությամբ փոխվել է Վլադիմիր Վարդանյանի օգտին։ Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ որոշիչ ձայնը տվել է ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, որի նկատմամբ, ըստ նույն տեղեկությունների, որոշակի ճնշումներ են գործադրվել։ Վարդանյանը, սակայն, հերքել է մամուլում շրջանառվող այդ պնդումները։ Այս զարգացումներից հետո Էդգար Շաթիրյանը հրաժարական է ներկայացրել ՍԴ փոխնախագահի պաշտոնից՝ շարունակելով պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։ Լրագրողների հետ զրույցում նա իր հետագա պաշտոնավարումը բնութագրել է որպես «անհնարին»՝ նկատի ունենալով «ձևավորված իրողությունները»։