Ժնևում քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները և այդ ուղղությամբ MSC-ի հետ համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում հանդիպել է ծովային փոխադրումների և լոգիստիկ ծառայությունների ոլորտում աշխարհում առաջատար ընկերություններից մեկի՝ Mediterranean Shipping Company (MSC Group)-ի ներկայացուցիչների հետ։

MSC Group-ը աշխարհի խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից է։

Ընկերությունն ունի շուրջ 1000 նավ, գործունեություն է իրականացնում 155 երկրում, ունի 675 գրասենյակ, իսկ գլոբալ ցանցն ընդգրկում է 300 երթուղի և 520 նավահանգիստ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները և այդ ուղղությամբ MSC-ի հետ համագործակցության հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացին և դրա արդյունքում տրանսպորտային ու լոգիստիկ կապերի ընդլայնման, բեռնափոխադրումների ծավալների ավելացման և Հայաստանի տարանցիկ ներուժի իրացման հնարավորություններին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment