«Անհապաղ հարկ է բարձրացնել հարցը պաշտոնական մակարդակով՝ ՍԾՏՀ ԽՎ մշտական մարմիններում և վեհաժողովի լիագումար նիստում՝ պահանջելով ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հրաժարականը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Պահանջվու’մ է հայկական կողմի արձագանք։

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը կրկին կոպտորեն խախտել է միջազգային պաշտոնյայի իր մանդատը։

ՍԾՏՀ ԽՎ ղեկավարության անունից պաշտոնական շնորհավորական ուղերձներ հղելով Ադրբեջանի ղեկավարությանը նոյեմբերի 8-ի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի օրվա կապակցությամբ, և ամբողջ կազմակերպության անունից բացահայտ քաղաքական հայտարարություններ անելով՝ նա վարկաբեկում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության բուն սկզբունքը։

ՍԾՏՀ ԽՎ-ն միջխորհրդարանական կառույց է, որը կոչված է զարգացնելու տնտեսական երկխոսությունն ու բարիդրացիությունը Սևծովյան տարածաշրջանում, այլ ոչ թե սպասարկելու մեկ երկրի քարոզչական շահերը՝ ի վնաս մեկ այլ հիմնադիր պետության՝ Հայաստանի Հանրապետության։

Անհապաղ հարկ է բարձրացնել այս հարցը պաշտոնական մակարդակով՝ ՍԾՏՀ ԽՎ մշտական մարմիններում և վեհաժողովի լիագումար նիստում՝ պահանջելով ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հրաժարականը։

Իրավական հիմնավորումները հստակ են և արձանագրված են կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում.

1. Միջազգային ծառայողի անաչառության սկզբունքի խախտում։
2. Տեխնիկական և գործադիր լիազորությունների գերազանցում։
3. Կազմակերպության նպատակների և սկզբունքների խաթարում։

Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է և Հայաստանի իրական սուբյեկտայնության հերթական կորուստ։

Հրավիրում եմ ընդդիմադիր պատգամավորների ուշադրությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment