«Այսօր նոյեմբերի 9-ն է, ընդհանրապես, հայության եւ ժամանակակից պատմության ամենադաժան օրերից մեկը։ Հենց այս օրը տեղի ունեցավ սարսափելի դավաճանություն, որի պատճառով Հայաստանը զրկվեց իր մի շարք հողերից»,- Երեւանի Հանրապետության հրապարակում մի խումբ հայերի հետ կազմակերպված «Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում» ակցիայի ժամանակ հայտարարեց դրա կազմակերպիչ, հասարակական գործիչ Էլեոնորա Մանանդյանը։
«Այսօր մենք կարող ենք փաստել, որ դավաճանության արդյունքում, որը հետագայում պարզվեց, որ ոչ թե պարզապես միայն դավաճանություն էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համաձայն, այլ դավադրություն էր հայ ազգի դեմ։ Ըստ այդմ, միայն այդ ժամանակվա դավաճանության պատճառով մենք ունեցանք հինգ հազար զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, մենք ունեցանք 12 հազար քկմ կորսված հայրենիք։ Ունեցանք մոտ 1200 անհետ կորած եւ գերեվարված, ու մինչեւ հիմա դեռ ունենք ռազմագերիներ, որոնք մինչեւ հիմա Ադրբեջանում են։ Ամբողջը տեղի ունեցավ առաջին հերթին հենց դավաճանության պատճառով։ Այդ հողերը այսօր անտեր են մնացել նաեւ ժողովրդի թուլակամության պատճառով։
Վեց տարի անց նոյեմբերի 9-ին մենք փորձում ենք հիշատակել մեր եկեղեցիները, որոնք հանձնել է դավաճանը, բայց որոնք, միեւնույն է, չեն հանձնվել։ Մենք հավատում ենք, որ շատ շուտով չարիքը կտապալվի, եւ մենք նորից կկարողանանք մոմ վառել մեր եկեղեցիներում։
Ես առաջին մոմը վառում եմ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում»,- ասաց տիկին Մանանդյանը։
«Ես իմ մոմը վառում եմ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Ես 90-ականների սերունդ եմ, եւ իմ ամենավառ հիշողությունը, որ ունեմ, թերեւս այն է, որ 1998 թվականին գմբեթի վերականգնումից հետո Խաչը տեղադրվեց։ Դա մեր սերնդի հպարտությունն է։ Ցավոք, մեզանից խլվեց այդ հպարտությունը։ Մենք այսօր ապրում ենք առանց դրա եւ այսօր նսեմացած ու ծնկի եկած սերունդ ենք։ Դա մեզանից խլեց նա, ով հանդգնեց Շուշիի նման հզորագույն քաղաքը, մշակութային կենտրոնը, որը Կովկասի զարդն էր, անվանել դժբախտ եւ դժգույն՝ մեր ներկան ու ապագան վերածելով դժբախտ ու դժգույն օրերի։
Ես վառվում եմ այն հույսով, հավատքով եւ աղոթքով, որ մի օր ես եւ իմ սերունդները կունենանք Ղազանչեցոցում մոմ վառելու հպարտությունը»,- ասաց ակցիայի մասնակիցներից Նաիրան։
«Ես Գայանեն եմ։ Ես մոմը կվառեմ Գանձասարի վանական համալիրում։ Գանձասարի մասին առաջին հիշատակումը մեզ հասել է 10-րդ դարից, իսկ հենց վանական համալիրի կառուցման մասին՝ 13-րդ դարից։ Փաստացի, շուրջ տասը դար Գանձասարում աղոթք է հնչել, շուրջ տասը դար հայերը աղոթել են հանուն ամբողջ աշխարհի։ Բայց մի քանի տարի է՝ դավաճանության պատճառով Գանձասարում այլեւս չի հնչում աղոթք։ Ես մոմը կվառեմ Գանձասարում հավատով, որ վանքում նորից կհնչի մեր աղոթքը, հայերի աղոթքը։ Եվ ամենակարեւորը, Գանձասարը միայն համահայկական հոգեւոր արժեք չէ։ Այն համամարդկային հոգեւոր արժեք է։ Ըստ ավանդապատման՝ հենց Գանձասարում է պահվել Սուրբ Հովհաննես Մկրտչի գլուխը, այդ սրբագույն մասունքը։ Եվ այսօր անգամ մեծագույն սրբությունները կորսված են նաեւ այն պատճառով, որ մենք չենք պայքարում»,- ասաց ակցիայի մյուս մասնակիցը։
«Ես մոմը վառում եմ Դադիվանքում։ Ցավոք սրտի, այս անգամ Հանրապետության հրապարակից։ Բայց վստահ եմ, որ անկասկած շատ շուտով կվառեմ հենց Դադիվանքում։ Դադիվանքը համաշխարհային նշանակության սրբավայր է։ Աշխարհում առաջին քրիստոնեական կառույցներից է։ Հիմնադրվել է Թադեւոս Առաքյալի հետնորդի կողմից եւ դարեր ի վեր այնտեղ է պահվել նրա մասունքը։ Դադիվանքը, ցավոք սրտի, բազմաթիվ անգամներ ավերվել է թշնամու կողմից, այդ թվում՝ սելջուկ թուրքերի։ Բայց մենք նորից վերականգնել ենք։ Հիմա ներքին թշնամու կողմից եւ նրա ջանքերով է ավերվում։ Բայց վստահաբար հայի ոգին ամուր է։ Եվ երանի բոլորի հայի ոգին վերջապես արթնանա, ու մենք նորից հասնենք մեր եկեղեցիներին»,- ասաց երրորդ մասնակիցը։
«Դադիվանքը առաջին վանքն է, որ ես այցելել եմ դեռեւս 1992 թվականին, երբ նոր էր ազատագրված։ Այդ նույն հուզումով հիմա ես մոմ եմ վառում եւ ուխտ անում, որ նորից պիտի վերադառնամ Դադիվանք։ Ամենակարեւոր զգացողությունը, որ ես ապրում եմ եւ ուզում եմ նաեւ ձեզ փոխանցել, այն է, որ բոլոր եկեղեցիները, բոլոր սրբավայրերը, որտեղ դարեր հնչել է հայերի աղոթքը, հայ մարդիկ են մոմ վառել, պատարագ է հնչել այնտեղ, սպասում են մեզ, սպասում են բոլորիս, որ բոլորս նույն վերանորոգված հավատով նորից վերադառնանք Արցախ եւ տեր կանգնենք մեր եկեղեցիներին»,- ասաց մոմավառության մեկ այլ մասնակից։
Իսկ մի փոքրիկ աղջնակ իր մոմը վառեց Ամարասում։ «Որովհետեւ հենց այստեղ է Մեսրոպ Մաշտոցը հիմնել Հայաստանի առաջին դպրեվանքը։ Ամարասը եղել է ու միշտ կլինի հայկական»,- հայտարարեց աղջնակը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: