«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին, այսպես կոչված, Հաղթանակի օրը, Շուշիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սա երկու առաջնորդների առաջին անձնական հանդիպումն էր այն բանից հետո, երբ դպրոցներում հիջաբ կրելու շուրջ տարաձայնությունները լարվածություն էին առաջացրել երկու երկրների հարաբերություններում։

Վեճը ծագել էր սեպտեմբերին, երբ Ադրբեջանի իշխանությունները փոփոխություններ էին կատարել դպրոցական համազգեստի պահանջներում։ «Աշխարհիկ կրթության» սկզբունքներին չհամապատասխանող հագուստի լրացուցիչ տարրերի արգելքը գործնականում հանգեցրել էր նրան, որ հիջաբ կրող աշակերտուհիներին այլևս թույլ չեն տալիս մասնակցել դասերին։ Այս մասին ասվում է JAMNews-ի անդրադարձում։

Այցի գլխավոր արդյունքը Ալիևը ձևակերպել է հետևյալ կերպ. «Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը հավերժ է և անխախտ»։

Սակայն տարաձայնությունների թեման երկու նախագահների պաշտոնական հայտարարություններում չի արծարծվել։ Երկու նախագահների ելույթներում «դպրոց» բառը հնչել է միայն մեկ անգամ․ Էրդողանը հիշատակել է Աղդամում 40 դասասենյակ ունեցող դպրոցի շինարարության մեկնարկի մասին և հայտնել, որ հաջորդ տարի նախատեսում է Ալիևի հետ միասին մասնակցել դրա բացմանը։

Ինչի՞ մասին են խոսել Շուշիում

Երկու նախագահներն էլ հանդես են եկել նույն ուղերձով․ կան ուժեր, որոնք ձգտում են փչացնել երկու երկրների հարաբերությունները, սակայն նրանց չի հաջողվի հասնել իրենց նպատակին։ Ալիևը հայտարարել է. «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են սասանել դրանք, երբեք չեն հասնի իրենց նպատակին»։

Նա հավելել է, որ երկու երկրների առաջնորդները «ոչ ոքի թույլ չեն տա» միջամտել իրենց հարաբերություններին կամ սեփական շահերի համար խաթարել միասնությունը։

Էրդողանը նույնպես նման միտք է արտահայտել. «…Նրանք, ովքեր ձգտում են թուլացնել մեր եղբայրությունը, չեն կարողանա հասնել իրենց նպատակներին ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ինչպես չեն կարողացել նաև երեկ»։

Նրանք չեն հստակեցրել, թե կոնկրետ ում նկատի ունեն։ Քաղաքագետ Ասիֆ Նարիմանլին TodayPress պորտալում գրում է, որ «անձնական շահերի» մասին հիշատակումը կարելի է դիտարկել որպես ակնարկ որոշակի անձանց կամ խմբերի հնարավոր ներգրավվածության մասին՝ երկու երկրների հարաբերություններում վերջերս առաջացած լարվածության սրման գործում։ Այս մեկնաբանության համաձայն՝ խնդիրը երկու պետությունների միջև տարաձայնությունները չեն, այլ այն անձանց կամ խմբերի գործողությունները, որոնք փորձում են նրանց միջև տարաձայնություններ հրահրել։

Ալիևի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական և տնտեսական կապերը, ներդրումները, էներգետիկան, տրանսպորտային ուղիներն ու Զանգեզուրի միջանցքը։ Նախագահները նոր համաձայնագրերի ստորագրման մասին չեն հայտարարել։ Ալիևը նաև հիշեցրել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է ավելի քան մեկ տարի առաջ, սակայն դրա տակ դեռևս դրված չէ «վերջնական ստորագրությունը»։

Էրդողանն իր հերթին աջակցություն է հայտնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, սակայն չի անդրադարձել Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացով։ Այսպիսով, խաղաղության համաձայնագրի ստորագրման ձգձգումն ազդում է նաև Թուրքիայի ծրագրերի վրա։

Ինչի՞ մասին են լռել

Երկու նախագահների հայտարարություններում չեն հիշատակվել Ադրբեջանում դպրոցական համազգեստ կրելու կանոնները։ Չեն անդրադարձել նաև երկու երկրների հարաբերություններում վերջին շրջանում առաջացած լարվածության հետ կապված այլ իրադարձություններին՝ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի պաշտոնանկությանը, Թուրքիայի 31 քաղաքացիների՝ Ադրբեջան մուտք գործելու արգելքին և Ալիևի՝ հոկտեմբերի 30-ին Անկարայում կայացած գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելուն։ Չի բարձրացվել նաև Իսրայելի թեման։

Էրդողանը հիշատակել է Թյուրքական պետությունների կազմակերպությունը, սակայն սահմանափակվել է նախագահության ընթացքում Ադրբեջանի կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով և հայտարարել, որ Թուրքիան իր նախագահության շրջանում մտադիր է ամրապնդել կազմակերպությունը։

Հանդիպման արդյունքների գնահատականները նույնպես տարբեր են։ Նարիմանլիի կարծիքով՝ Շուշիում կայացած հանդիպումը ցույց է  տվել, որ «նույնիսկ եթե եղբայրների միջև տարաձայնություններ են առաջանում, անլուծելի հարցեր չկան»։

Ի տարբերություն նրա՝ լրագրող Յուսուֆ Քանլին կարծում է, որ հանդիպումը թույլ է տվել նվազեցնել հրապարակային լարվածությունը, սակայն չի վերացրել քաղաքական տարաձայնությունները։ Հարցերի թվում, որոնց հետագա զարգացումներին անհրաժեշտ է հետևել, նա առանձնացնում է դպրոցական համազգեստի վերաբերյալ հնարավոր հետագա որոշումները, տրանսպորտային ուղիները, ինչպես նաև Իսրայելի և Հայաստանի նկատմամբ երկու երկրների վարած քաղաքականության տարբերությունները։

Ի՞նչի հասան կողմերը

Բաքվի համար առավել նկատելի արդյունքը, այսպես կոչված, Հաղթանակի օրը Էրդողանի այցն էր Ղարաբաղ։ Առայժմ ոչինչ չի վկայում այն մասին, որ Ադրբեջանը զիջումների է գնացել վեճի գլխավոր առարկայի շուրջ։ Ընդհակառակը՝ Անկարան պաշտոնանկ արեց նախագահի գլխավոր խորհրդականին, իսկ Էրդողանն ինքը Շուշիում չանդրադարձավ Ադրբեջանի իշխանությունների ներքին որոշումներին։

Շուշիում Էրդողանը կրկին երկու երկրների հարաբերությունները բնութագրել է «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։ Սակայն տարաձայնությունների սրման շրջանում Բաքուն շեշտը դնում էր հենց այդ բանաձևի երկրորդ մասի վրա։ Middle East Eye պարբերականի աղբյուրը Ադրբեջանում հայտարարել է. «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա այդ մասին»։

Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Այըդին Միրզազադեն նույնպես ընդգծել է, որ Ադրբեջանը որևէ պետության նահանգը չէ։ Նույն օրերին Թուրքիայի իշխանությունների դաշնակից Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ թյուրքական աշխարհի միասնությունը չի նշանակում մեկ պետության գերիշխանություն մյուսների նկատմամբ։

Atlas հետազոտական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն AFP գործակալությանը հայտարարել է, որ լարվածության հիմքում Բաքվի՝ հավասար գործընկերության ձգտումն է և այդ դաշինքում «կրտսեր եղբոր» դերը ստանձնելու ցանկության բացակայությունը։

Ուշադրություն են գրավել նաև Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ նախագահների հայտարարությունները։ Էրդողանը հայտարարել է, որ ադրբեջանական ժողովուրդն «ազատագրել է Ղարաբաղը իմ եղբայր Իլհամի վճռական առաջնորդությամբ»։ Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիային ցուցաբերած «քաղաքական և բարոյական» աջակցության համար և հիշեցրել, որ պատերազմի ընթացքում զոհվել է ադրբեջանական 3000 զինծառայող։ Նարիմանլիի կարծիքով՝ այս խոսքերը պատասխան էին Թուրքիայում որոշ շրջանակների կողմից Ղարաբաղյան պատերազմում հաղթանակի շուրջ իրականացվող «մանիպուլյացիաներին»։

Անկարայի համար, իր հերթին, կարևոր է, որ Ալիևն այցելի Թուրքիա։ Նույն օրվա երեկոյան ադրբեջանական  APA գործակալությունը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնել է, որ Ադրբեջանի նախագահը կմասնակցի Անթալիայում կայանալիք ՄԱԿ-ի COP31 կլիմայական համաժողովին։ Haber 7 պարբերականը հղում է կատարել դիվանագիտական աղբյուրներին։ Գագաթնաժողովի շրջանակում առաջնորդների հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 11–12-ին։ Սակայն պաշտոնական Բաքուն դեռ չի հաստատել Ալիևի մասնակցությունը։ Էրդողանի այցից առաջ Middle East Eye պարբերականը հայտնել էր, որ Բաքուն դեռ վերջնական պատասխան չէր տվել այդ հարցի վերաբերյալ։ Եթե Ալիևն այցելի Անթալիա, դա կդառնա Շուշիում կայացած հանդիպման ամենակոնկրետ արդյունքը։

Ի՞նչ եղավ հիջաբի հարցի հետ

Խնդիրը, որին երկու երկրների առաջնորդները չեն անդրադարձել Շուշիում կայացած հանդիպման ժամանակ, շարունակում է չլուծված մնալ հենց Ադրբեջանում։ Դպրոցական համազգեստի պահանջները հնարավոր վերանայելու մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդվել։ Հոկտեմբերին իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտարարել էր․ «Հիջաբ կրելու պատճառով աղջիկներին դասերին մասնակցելու թույլ չտալը խտրականություն է և խախտում է կրթության նրանց իրավունքը»։

Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր 37 անձի ձերբակալության մասին։ Սակայն ակտիվիստների տվյալներով՝ ձերբակալվածների թիվը գերազանցել է 200-ը։ Դպրոցական համազգեստի նոր պահանջների դեմ բողոքի ակցիաների մի քանի մասնակիցներ ենթարկվել են վարչական կալանքի։ Մասնավորապես, հիջաբ կրող աշակերտուհիներին աջակցելու նախաձեռնության հեղինակ Իլքին Հուսեյնովին դատապարտել են 30-օրյա վարչական կալանքի։

Թուրքիայում նույնպես հարցը մնացել է անպատասխան։ «Նոր բարեկեցություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանը, որը հայտնվել էր Ադրբեջան մուտքի արգելք ունեցող անձանց թվում, հոկտեմբերին հայտարարել էր. «Մենք ակնկալում ենք, որ հարգարժան նախագահը անհրաժեշտ նախազգուշացում կանի հարգարժան Ալիևին»։ Սակայն Շուշիում նախագահների հայտարարություններում նման նախազգուշացում չի հնչել։ Առայժմ տեղեկություններ չկան նաև այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները վերացրել են Թուրքիայի 31 քաղաքացու՝ երկիր մուտք գործելու արգելքը։

Ինչը կլինի հաջորդ փորձությունը

Վաշինգտոնում  Մերձավոր Արևելքի ինստիտուտի վերլուծաբան Գոնյուլ Թոլը X սոցիալական ցանցում գրել է. «Հիջաբի շուրջ վեճը շատ ավելի խոր տարաձայնությունների նշան է»։

Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում լարվածությունը վաղուց էր աճում՝ Ադրբեջանի ինքնիշխանության, Բաքվի նկատմամբ Անկարայի ազդեցության, Իսրայելի նկատմամբ մոտեցումների տարբերությունների, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի մերձեցման շուրջ տարաձայնությունների ֆոնին։ Շուշիում երկու երկրների նախագահների հայտարարություններում այս հարցերը բաց չեն շոշափվել։ Երկու կողմերի միջև տարաձայնությունները հաղթահարելու հաջողության առաջին փորձությունը կլինի Անթալիայում կայանալիք առաջիկա գագաթնաժողովը։ Ալիևի որոշումը դրան մասնակցելու ցույց կտա, թե արդյոք Բաքվի և Անկարայի հարաբերություններն իսկապես սկսել են կարգավորվել։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment