BYD Yangwang U9X-ը աշխարհում առաջինն է հաղթահարել 500 կմ/ժ արագության սահմանագիծը

BYD Yangwang U9X էլեկտրական հիպերքարը Աբու Դաբիի փակ ճանապարհահատվածում զարգացրել է 503.16 կմ/ժ արագություն։ Ավտոմեքենան թարմացրել է սերիական արտադրության ավտոմեքենաների արագության սեփական ռեկորդը։

Մեկ տարի առաջ Yangwang-ն արդեն ռեկորդ էր սահմանել U9 XTreme մոդելով, սակայն դրանով չի սահմանափակվել։ Փորձարկումներն անցկացվել են Աբու Դաբիի շեյխ Խալիֆա բին Զայեդի անվան մայրուղում։ Ավտոմեքենայի ղեկին եղել է «Լե Մանի 24 ժամ» մրցավազքի հաղթող Մարկ Բասենգը։ Նա մեքենան արագացրել է մինչև 503.16 կմ/ժ՝ առաջին անգամ հաղթահարելով 500 կմ/ժ սահմանագիծը։

Գինեսի ռեկորդների գրքում ամենաարագ սերիական ավտոմեքենայի տիտղոսը ստանալուց բացի՝ U9X-ն ինքնաբերաբար նվաճել է նաև ամենաարագ սերիական էլեկտրամեքենայի տիտղոսը։ Եթե Koenigsegg-ին հաջողվի Jesko Absolute մոդելով գերազանցել 502.12 կմ/ժ արագությունը, Yangwang-ին առնվազն էլեկտրամեքենաների արագության ռեկորդը կմնա։

Փորձարկումների համար փակվել է ճանապարհի շուրջ 10-կիլոմետրանոց հատվածը։ Հաշվի առնելով անապատային տեղանքն ու սովորական երթևեկությունը՝ ճանապարհածածկը մաքրվել է։ Ասֆալտի վրա յուղի հետքերն ու աղբը կարող էին խոչընդոտել 500 կմ/ժ-ից ավելի արագությամբ ընթացքին։

Հոկտեմբերի 31-ին իրականացված երկու փորձերի ընթացքում չի հաջողվել հաղթահարել 500 կմ/ժ սահմանագիծը․ առավելագույն արագությունը կազմել է 490 կմ/ժ։ Ռեկորդային փորձը հաջողվել է նոյեմբերի 1-ին՝ ավտոմեքենայի տեխնիկական կատարելագործումից հետո։ Հարմարվողական ամորտիզատորների ծրագրային ապահովումը վերակարգավորվել է՝ հետադարձ ընթացքի ժամանակ ավելի մեծ դիմադրություն ապահովելու և ճանապարհի անհարթությունները արդյունավետորեն մեղմելու համար, իսկ հետևի թևի թեքության անկյունը մեծացվել է՝ ներքև ուղղված աերոդինամիկ ուժն ուժեղացնելու նպատակով։

Yangwang U9X-ը շարժման մեջ են դնում չորս էլեկտրաշարժիչները։ Մինչև 100 կմ/ժ արագությունն այն զարգացնում է 2.36 վայրկյանում, իսկ մոդելի արտադրությունը սահմանափակված է ընդամենը 30 օրինակով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment