2023թ. Արցախից բռնի տեղահանված Գայանեն ու Զվարթն իրենց ընտանիքների հետ փորձում են ինտեգրվել նոր միջավայրին: Չնայած տարիքային տարբերությանն ու ապրելակերպի առանձնահատկություններին` նրանց մոտ առկա է ընդհանրություն` մեծ պատասխանատվություն կենցաղային հարցերում, երեխաների և տարեց հարազատների խնամքի ապահովում: Արցախում նրանք թողնելով ողջ ունեցվածքը` տունը, տարիների ընթացքում ստեղծած տնտեսությունը, աշխատանքը, ներկայում «ոտքի կանգնելու» բարդ փուլում են:
Գայանեի և Զվարթի պատմությունը ցույց է տալիս, որ տեղահանվածների ինտեգրման բարդ գործընթացին գումարվում են նրանց արդեն իսկ ունեցած, այդ թվում` չվճարվող խնամքի, կենցաղային աշխատանքի, ինչպես նաև առողջական խնդիրները` կրկնակի բարդացնելով ապրելակերպը:
Գայանեի պատմությունը. կինը` խնամքի և կենցաղի պատասխանատու
Արցախի Թաղավարդ գյուղից իր ընտանիքի հետ տեղահանված 34-ամյա Գայանե Պողոսյանը ներկայում Տավուշ բնակավայրում է ապրում: Նա հինգ անչափահաս աղջիկների մայր է: Գայանեն ու ամուսինը Արցախում սեփական տուն և հարյուրից ավելի անասուններ ունեին: Հայաստանում էլ փորձում են նույն գործը` անասնապահությունը շարունակել: Գայանեի խոսքով` բարեգործական կազմակերպություններից մեկը 24 ոչխար է տրամադրել: Ամուսինն էլ և անասնապահությամբ է զբաղվում, և շինարարություն անում տարբեր վայրերում: Թեպետ երեխաների խնամքով ինքն ու ամուսինը համատեղ են զբաղվում, բայց Գայանեի հիմնական զբաղվածությունը կենցաղային գործերն են:
«Հիմա արդեն ուշ է, որ որևէ մասնագիտություն սովորեմ: Պատճառն այն է, որ հինգ երեխա ունեմ, ախր հինգն էլ դպրոցական են, սկեսուրս էլ առողջական խնդիր ունի: Աշխատել էլ համ չեմ կարող, համ էլ ամուսինս չի թողնում, ասում է` մենակ տան գործերը որ անես, այդքանն էլ քիչ չի»,-պատմում է Գայանեն:
Չվճարվող կենցաղային աշխատանքի մեծ մասը բաժին է հասնում կանանց
«Հայաստանում կանայք տղամարդկանցից ավելի շատ են ներգրավված չգրանցված աշխատանքում և երկու անգամից ավելի շատ ժամանակ են հատկացնում չվարձատրվող կենցաղային աշխատանքին, երեխաների և ընտանիքի հիվանդ, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անդամների խնամքին»,- այս տողերը նշված են ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության և CARE Կովկասի գրասենյակի 2024թ. պատրաստած «Փախստականների հոսքով պայմանավորված ճգնաժամային իրավիճակը Հայաստանում» վերտառությամբ գենդերային վերլուծության մեջ:
Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանվածներին` վերլուծության մեջ ընդգծվել է, որ թեպետ, անհրաժեշտությունից ելնելով, կանայք էլ ավելի են ներգրավվում աշխատաշուկայում, այնուամենայնիվ ի լրումն որևէ վճարվող աշխատանքի, շարունակում են կատարել չվճարվող կենցաղային աշխատանքի մեծ մասը: Իսկ տղամարդիկ ստիպված են կրել աշխատանք գտնելու և ընտանիքին ապահովելու ծանր պատասխանատվությունը՝ սակավ աշխատանքային հնարավորությունների պայմաններում:
Չվճարվող տնային աշխատանքի և խնամքի դերը Հայաստանի տնտեսության մեջ
Միջազգային կազմակերպությունների մի շարք վերլուծությունների համաձայն` պետությունը պետք է մեծ դեր ունենա խնամքի ապահովման հարցում, ինչը տնտեսապես շահավետ կլինի երկրի համար:
«Չվճարվող խնամքը չպետք է դիտվի որպես զուտ «անձնական կամ մասնավոր բեռ», այլ հանրային բարիք և սոցիալական ենթակառուցվածք»,-այս տողերը գրված են ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության կայքում 2025 թ. հրապարակված «Հոգ տանելով Հայաստանի մասին. ինչու է խնամքի տնտեսությունը վերաբերում բոլորին» հոդվածում, որը հեղինակել է կազմակերպության Հարավային Կովկասի գծով համակարգող Կաորի Իշիկավան:
Ըստ հոդվածի` խնամքի ծառայություններում, ինչպիսիք են երեխաների խնամքը, տարեցների խնամքը և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությունը, ներդրումներ կատարելը միայն արդարության հարց չէ, քանի որ այդպիսով կստեղծվեն որակյալ աշխատատեղեր, կբարձրանա արտադրողականությունը, ինչն էլ կխթանի ՀՆԱ-ն:
«Խնամքի չվճարվող բեռի կրճատումը և կանանց աշխատուժի մասնակցության ավելացումը կարող են ժամանակի ընթացքում երկնիշ թվով ավելացնել Հայաստանի ՀՆԱ-ն»,-գրված է հոդվածում:
Չվճարվող աշխատանքի տնտեսական նշանակությունն ընդգծող մեկ այլ հետազոտություն 2026թ. ապրիլին ներկայացրել է «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը: Մեծ Բրիտանիայի կառավարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացված ուսումնասիրությունը ներառում է Հայաստանի ազգային փոխանցումային հաշիվների ժամանակային վերլուծության արդյունքները: Հետազոտությունը բացահայտում է Հայաստանի տնտեսության մեջ չվճարվող տնային աշխատանքի և խնամքի հսկայական, բայց մինչ օրս «անտեսանելի» դերը: «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետազոտությունների գլխավոր խորհրդատու Արտաշես Շաբոյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում, հիմնվելով հետազոտության արդյունքների վրա, նշել էր, որ տնային տնտեսության ներսում կատարվող չվճարվող աշխատանքները (օրինակ` կերակուր պատրաստելը, մաքրությունը, խնամքը) փոխարինման ծախսի մեթոդով գնահատելիս, այսինքն` նման աշխատանքների շուկայական գները համադրելիս, կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 16,8 տոկոսը:
Զվարթի պատմությունը. սեփական տուն` առանց կայուն եկամտի
Մինչ Գայանե Պողոսյանի բազմանդամ ընտանիքը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և սպասում է բնակարան ձեռք բերելու հնարավորությանը, Արցախի Մոխրաթաղ գյուղից տեղահանված Զվարթ Յաղուբյանի ընտանիքն արդեն սեփական տուն ունի Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Սակայն կեցության խնդիրը լուծելուց հետո ընտանիքը բախվել է մեկ այլ դժվարության`աշխատանք գտնելու և կայուն եկամուտ ունենալու խնդրին:
Զվարթ Յաղուբյանի խոսքով` Մոխրաթաղում ունեին երկհարկանի սեփական տուն, հողամաս, որտեղ աճեցնում էին մշակաբույսեր ու պահում կենդանիներ. «Զբաղվում էինք գյուղատնտեսությամբ, պահում էինք կով, խոզ, ճագար: Մեծ տղաս սովորում էր, ինչպես նաև աշխատում Չինգյաթաղի հանքում, ես էլ որոշ ժամանակ աշխատեցի տեղի մանկապարտեզում` որպես դայակ: Սակայն աղջիկս ամուսնացավ ու տղա երեխաների հետ չէի կարողանում գործերս հասցնել` դուրս եկա աշխատանքից», – հիշում է Զվարթը։
48-ամյա Զվարթը չորս երեխաների մայր է` ունի երեք որդի և մեկ դուստր, որդիներից մեկն անչափահաս է`11 տարեկան:
Զվարթի խոսքով`ավելի քան տասը տարի է, ինչ նյարդային համակարգի խնդիրներ ունի. «Արցախը պատերազմական գոտի է եղել` անընդհատ պատերազմների մեջ: Ամուսինս էլ երբ հիվանդացավ` երկրորդ կարգի հաշմանդամության կարգ ստացավ, այդտեղից էլ սթրեսները սկսվեցին, տանը սկեսուր էլ ունեի հիվանդ պառկած, դե անասուններին պահելը, չորս երեխաների խնամքը»,-ասում է նա` թվարկելով իր կենցաղային ծանրաբեռնվածությունը:
Բռնի տեղահանությունից հետո հինգ անդամից բաղկացած ընտանիքը ժամանակավոր հաստատվել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, որտեղ կարողացել են մշակաբույսեր աճեցնել և վաճառել. «Խնամիս մի տուն տարավ, ասաց` 30 տարի է` բաց թողած է: Մաքրությունը արեցինք, բոստան արեցինք, ջերմոց դրեցինք, լոխ տեղը տեղին գցեցինք, ու երկու տարի հետո պարզվեց` ով համաձայնություն էր տվել, որ մենք այդ տանը մնայինք, ինքը չէր փաստաթղթերով տանտերը»:
Տնից տուն տեղափոխվելու խնդիրը Զվարթն ու իր ընտանիքը լուծել են, երբ ՀՀ քաղաքացիություն են ստացել և բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով (մեկ անձի հաշվով՝ 5 մլն դրամ) տուն գնել Բերդ քաղաքում։ Զվարթի խոսքով` խնայված միջոցներով էլ փոխել են տան տանիքը, ու տեղադրել արևային համակարգ, սակայն տան հարակից տարածքը քարքարոտ է, ինչի պատճառով, նրա խոսքով, հողագործությամբ չեն կարող զբաղվել:
«Եկանք Բերդ, մտածեցինք միգուցե աշխատանք կլինի: Բայց հիմա ոչ մեկս չի աշխատում։ 10 տարի էլ իրավունք չունենք տունը վաճառելու, որ տեղափոխվենք Երևանին մոտ մի գյուղ, որ երեխեքը աշխատանք գտնեն»,-ասում է Զվարթը:
Ինտեգրման ուղին. տուն, զբաղվածություն, սոցիալական, կրթամշակութային ծառայությունների հասանելիություն, մասնագիտական վերապատրաստում
ՀՀ կառավարությունը մեկ անձի հաշվով 5 մլն դրամ տեղահանված արցախցիներին տրամադրում է այն դեպքում, երբ բնակարանը կամ սեփական տունը ձեռք է բերվում Կառավարության կողմից սահմանված 242 առաջնահերթ բնակավայրերում: Այդ բնակավայրերի մի զգալի մասը կամ լեռնային են, կամ սահմանային: Այս համատեքստում հատկանշական է ԵՊՀ հետազոտողների առաջարկած գիտական մոդելը, որն ուղղված է Հայաստանի լեռնային ու նախալեռնային բնակավայրերի զարգացման ու ժողովրդագրական խնդիրների լուծմանը և հիմնված է միջազգային փորձի վրա: Հետազոտողները մասնավորապես մատնանշել են մարող բնակավայրերում անտառային ռեսուրսների օգտագործումը, ագրոզբոսաշրջության ու էկոզբոսաշրջության զարգացումը, տեղի բնակիչների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումը` սպասարկման ոլորտում ներգրավելու նպատակով, և ի թիվս այլնի` համակենտրոնացված ծառայությունների (կրթական, մշակութային, կենցաղի սպասարկման կենտրոնների) ստեղծումը:
Զվարթ Յաղուբյանի խոսքով` ներկայում իր ընտանիքի հիմնական եկամուտը ամուսնու հաշմանդամության թոշակն է: Չնայած առողջական խնդիրներին՝ կինը պատրաստ է թռչնաբուծությամբ զբաղվել. «Ինձ հաշմանդամության կարգ չեն տալիս, անչափահաս երեխայիս խնամքի համար էլ նպաստ չկա: Իմ վիճակում կարուձև, տենց բաներ կարալ չեմ անել, բայց գյուղատնտեսություն, եթե ասենք հավաբուն սարքելու գումար լինի, հավեր տրամադրվեն` կպահեմ»:
Միջազգային փորձը. չվճարվող խնամքի տնտեսական ճանաչումը
Պետությունը պետք է ֆինանսական աջակցություն տրամադրի անչափահասի, հաշմանդամություն ունեցող անձի, տարեցի խնամքն ապահովող անձի՞ն, թե՞ ներդրում անի խնամքի ծառայություններում: Հետազոտող Նվարդ Մինասյանը խնդրին ևս մեկ լուծում է ներկայացնում:
Սոցիալ-տնտեսական և իրավական հարցերով հետազոտող, գենդերային փորձագետ Նվարդ Մինասյանի խոսքով` մի շարք երկրներում (օր.՝ Գերմանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իսպանիա), աստիճանաբար ներդրվել են չվճարվող խնամքի աշխատանքի տնտեսական ճանաչման և սոցիալական փոխհատուցման տարբեր մեխանիզմներ. «Թեև դրանք հիմնականում չեն ենթադրում կատարված աշխատանքի դիմաց ուղղակի վարձատրություն, այնուամենայնիվ, հնարավորություն են տալիս հաշվի առնելու այդ աշխատանքի տնտեսական և սոցիալական նշանակությունը։ Մասնավորապես, այդ մեխանիզմները ներառում են երեխաների և ընտանիքի անդամների խնամքին հատկացված ժամանակահատվածների հաշվառում` կենսաթոշակային իրավունքների ձևավորման գործընթացում, խնամք իրականացնող անձանց ֆինանսական աջակցություն, ինչպես նաև պետության կողմից ֆինանսավորվող խնամքի ծառայությունների տրամադրում»։
Նվարդ Մինասյանի դիտարկմամբ` նշված մոտեցումները համահունչ են գենդերազգայուն բյուջետավորման սկզբունքներին՝ նպաստելով չվճարվող խնամքի աշխատանքի տնտեսական արժեքի ճանաչմանը, կանանց սոցիալական պաշտպանվածության ամրապնդմանը և խնամքի պարտականությունների առավել հավասարաչափ բաշխմանը։
Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: