«Միանշանակ պետք է նշեմ՝ սա լրջագույն խնդիր է, պատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերություններից, ենթամշակույթին վերաբերող հարաբերություններից, մինչև կանխարգելման մեխանիզմներ, որոնք բավարար չեն։ Շատ անելիքներ կան թե′ առանձին հայեցակարգ ունենալու առումով, թե′ որ կարողանանք նաև ծառայողների ու հրամանատարական կազմի այնպիսի սերունդ ձևավորել, որի համար բռնությունը, նվաստացումը լինեն անընդունելի երևույթներ»,-ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի փաստմանը՝ տագնապեցնող է ՀՀ զինված ուժերում մահերի թիվը․ այս տարվա 11 ամիսների կտրվածքով 36 զինծառայողի մահ է արձանագրվել, դրանցից 15-ը ծառայության հետ կապված մահեր են և հարցին՝ ուսումնասիրություն ունե՞ք, ի՞նչ գնահատական կա պատճառների հետ կապված, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում այսպես պատասխանեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Հարցին՝ արդյոք անհրաժեշտություն չեք տեսնո՞ւմ բանակում օմբուդսմեն ունենալ, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Սա կարող է լինել տարբերակ, բայց այն դեպքում, երբ պետությունը որոշի, որ ինքն ուզում է տարբեր ուղղությամբ ունենալ օմբուդսմենական հաստատություններ։ Սովորաբար մեր տիպի պետությունները չեն կարող դա իրենց թույլ տալ»։
Հղում կատարելով ԵԽԽՎ զեկույցին՝ Լիլիթ Գալստյանն ասաց․ «60 հազար ընտրողների ձայնի իրավունքի ոտնահարում, ԿԸՀ հիմնավորումն՝ անբավարար, իրավական պաշտպանություն տեղի չի ունեցել և այլն, ընդդիմադիր կուսակցությունների ընտրազանգվածի՝ քվեարկության իրավունքից զրկելը կարևոր խոչընդոտ ու խնդիր է դիտվել։ ՀՀ-ին դիմում է երաշխավորելու խաղաղ ցույցերի իրացման իրավունքը։ Արդյոք նախաձեռնելո՞ւ եք ուսումնասիրություն կատարել այս ուղղությամբ»։
Անահիտ Մանասյանն ասաց, որ այդ զեկույցում տեղ գտած մի շարք հարցերով իրենց հայտարարությունների, նաև տարբեր պատվիրակությունների՝ իրենց հետ հաղորդակցության արդյունքում է դիրքորոշում ձևավորվել․ «Մասնավորապես՝ 60 հազար ձայնի և այլնի առումով նշեմ, որ չունենք լիազորություն խառնվելու այդ հարցին, քանի որ այս հարցը քննարկման առարկա է դարձել ՍԴ-ում։ ՀՀ-ում միանշանակ դատական պաշտպանության խնդիր կա բոլոր ոլորտների առումով։ Մենք ենք բարձրաձայնել խաղաղ հավաքների ազատության իրավունքին առնչվող խնդիրները, սրա մասով նաև ներկայացրել ենք այլընտրանքային դիրքորոշում ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ-ի դեմ կայացված վճիռների առումով։ Քաղաքական իրավունքների հետ կապված միանշանակ շատ ճիշտ դիրքորոշում արտահայտեցիք, այո բոլորն իրավունքներն են կարևոր՝ հավասարապես քաղաքական իրավունքները։ ՀՀ-ում ժողովրդավարությունը ոչ թե պետք է կառուցված լինի այն տրամաբանությամբ, որ պոպուլյարության մրցույթ լինի իր հնարավոր հետևանքներով, այլ պետք է լինի այն տրամաբանությամբ կառուցված, որ եթե նույնիսկ քո մանդատն ու ձայնը կորցնում ես, միևնույն է՝ քո իրավունքները չես կորցնում։ Ունեցել և շարունակում ենք ունենալ խնդիրներ։ Մեկ քաղաքական ուժի կամ մեկ դերակատարի մենաշնորհ չէ․ մենք բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ ՀՀ-ում պահպանվեն իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները»։
Լիլիթ Գալստյանն արձագանքեց․ «Բարձրաձայնում եմ այն իրավական կազուսը, որը միջազգային կազմակերպություններն արձանագրում են տարիներ շարունակ, որ ՀՀ-ում բավարար իրավունքների պաշտպանություն տեղի չի ունենում, ՀՀ-ն թիրախավորվում է այդ առումով, իրավապահ մարմինների կամ դատական համակարգի անկախությունը վաղուց խոցելիության մակարդակում է, մեր ՍԴ-ն այդտեղ կարծես սահուն անցավ, խնդիր չտեսավ, մինչդեռ ԵԽԽՎ-ն, որը մեր միջազգային պարտականությունների նշաձող սահմանող կազմակերպություններից մեկն է, հստակ ամրագրեց՝ իրավական պաշտպանություն տեղի չունեցավ՝ խոսքը 60 հազար ընտրողների, ՀՀ քաղաքացիների մասին է։ Երկրորդ արձանագրումը՝ այդ բուն ԵԽԽՎ բանաձևով՝ ընդդիմադիր կուսակցության ընտրազանգվածին քվեարկության իրավունքից զրկեցին։ Պատկերացնում եք՝ ինչ ծանր գնահատականներ են, մյուս կողմից ունենք ՍԴ-ի՝ ասես ոչինչ չի պատահել իրավիճակը։ Ո՞վ պետք է պաշտպանի մեր իրավունքները»։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: