Երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային, բայց այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս, ուղղակի մի բան պակաս էր. Վարազդատ Լալայան

Ծանրամարտի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն ամփոփել է աշխարհի առաջնությունը:

 

«Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց: Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետև երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային, չհասցրեցի վերականգնվել, բայց պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս, ուղղակի մի բան պակաս էր, չկարողացա տիտղոսս պահել»,-նշել է Լալայանը։

 

Հիշեցնենք՝ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր:

 

Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող աշխարհի առաջնության գերծանր քաշային տղամարդկանց պայքարում Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 205 կգ ու 210 կգ: Նա չբարձրացրեց 214 կգ: Այս վարժությունում նա արծաթե մեդալակիր է:

 

Հրում վարժությունում Լալայանը բարձրացրեց միայն 247 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր:

 

Երկամարտի 457 կգ արդյունքով՝ Վարազդատ Լալայանը 2026 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Leave a comment