Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին

Քաղաքականություն

09.11.2026 | 16:49

Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է  երկրի 14 քաղաքացիների՝ Ադրբեջանում «անցանկալի անձ» ճանաչելու մասին տեղեկությունը։

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային  ճեպազրույցում հայտարարել է. «Ըստ էության, 14 իրանցի քաղաքացիներին անցանկալի անձ անվանելը իմաստ չունի, քանի որ այդ մարդկանցից ոչ մեկը դիվանագետ չէր և ոչ էլ գտնվում էր Ադրբեջանի Հանրապետությունում, սակայն այս գործողությունը բարեկամական գործողություն չէ»։

Նա հայտնել է, որ այդ կապակցությամբ ադրբեջանական կողմին պաշտոնական բողոք է ներկայացվել։

«Մենք հստակ հայտարարել ենք մեր բողոքի մասին։ Ադրբեջանի Հանրապետության դեսպանը Թեհրանում ներկայացել է Արտաքին գործերի նախարարություն, և մեր բողոքը փոխանցվել է։ Մենք կձեռնարկենք անհրաժեշտ բոլոր գործողությունները և կհայտարարենք դրա մասին»,- ասել է Բաղային։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment