«Մենք ունենք արդեն իսկ կայացած վերլուծական կենտրոն։ Այսինքն՝ մեր տեսախցիկներով մենք կարողանում ենք տեսնել, թե տարբեր դեպքերում ինչ է տեղի ունենում քաղաքում։ Մասնավորապես, 100 խաչմերուկների վերլուծությունից մենք տեսնում ենք, որ 100-ից 85% դեպքերում խցանումները սկսում են առաջանալ այն պայմաններում, երբ որ որևէ մի ավտոմեքենա այդ վերջին կանաչով անցնում է և գնում է, կանգնում է խաչմերուկում։ Ամենավատը նաև այն է, որ այդ ավտոմեքենաների մի էական մասն հենց մեր իսկ ավտոբուսներն են։ Այսինքն՝ նույնիսկ մեր ավտոբուսները այդ կանոնը չեն պահել, և մենք աշխատել ենք նաև մեր ավտոբուսի հետ, էլեկտրատրանսպորտի հետ, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։
Նա նաև անկեղծացավ և արձանագրեց, որ երբ սկսեն մայրաքաղաքում երթևեկության խիստ կանոնակարգումները, ինչը նախատեսվում է առաջիկայում, սա ավելի մեծ խնդիր է ստեղծելու մարդատար ավտոմեքենաների համար․ «Իրենց համար պետք է համապատասխան ենթակառուցվածք ստեղծենք կայանման տեսանկյունից, և մի հուսալի միջոց պետք է լինի քաղաքով տեղաշարժվելու՝ դա հանրային տրանսպորտն է։ Ավտոմեքենայով տեղաշարժվելն արդեն մեզ մոտ, այսպես ասած, մի փոքր արդեն ավելի շքեղության բան պետք է դառնա, որովհետև իրականում այն քանակի… Այսինքն՝ մեր փողոցները ռեզինից չեն, չեն կարող ավելի ընդլայնվել»։
Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ առանց սահմանափակումների չենք կարող ունենալ որևէ լուծում․ «Աշխարհը այդպիսի լուծումներ դեռևս չի ստեղծել։ Նույնիսկ Լոս Անջելեսը, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր այն քաղաքները, որոնք որ նախատեսված են հայվեյներով, ֆրիվեյներով՝ հենց մարդատար ավտոմեքենաների համար, այնտեղ նույնպես ծանր խցանումներ են լինում։ Իսկ մեր դեպքում, կարծում եմ, մենք այդ լուծումները կարող ենք տալ հենց եվրոպական քաղաքների նման»։
Մանրամասները՝ տեսանյութում
Խցանումների թեման շարունակեց նաև Մեսրոպ Մանուկյանը՝ նախ հետաքրքրվելով՝ կարոտե՞լ էր իրեն Տիգրան Ավինյանը։ Վերջինս անկեղծ պատասխանեց՝ ոչ։ Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ավտոկայանատեղիներ չեն կառուցվում Երևանում։ Նաև հստակ հասցեներ նշեց քաղաքի կենտրոնում, որտեղ շինարարության թույլտվություններ են տրվել, բայց ավտոկայանատեղիների մասին ոչ ոք չի մտածել։
Մանրամասները՝ տեսանյութում
Մայրաքաղաքում ընթացող շինարարության համատեքստում խոսվեց նաև Երևանում օդի աղտոտվածության մասին։ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ մայրաքաղաքում օդն առավելապես աղտոտված է նոյեմբերից մայիս ամիսներին, և դա իր հստակ պատճառներն ունի։ Նա նաև նախատեց ընդդիմադիրներին՝ ասելով, որ Երևանում օդը նախկինում էլ աղտոտված էր, բայց իրենց քննադատողները դրա մասին չէին տեղեկանում։ Այժմ տեղեկացված են, քանի որ քաղաքապետարանն է համապատասխան սարքավորումներ ձեռք բերել և շարունակաբար վերահսկում է մայրաքաղաքի օդի աղտոտվածության աստիճանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: