«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադառնալով գործող իշխանության վարած քաղաքականությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որակեց որպես «եռապատերազմի և երեք պարտությունների» պատասխանատու։
Անդրադառնալով իշխանությունների խոստացած «խաղաղության դարաշրջանին»՝ Կարապետյանը շեշտեց, որ գործող վարչախմբի օրոք Հայաստանը զրկվել է իրական խաղաղության հնարավորությունից։
«Ո՞վ է եռապատկել Եռաբլուրը՝ եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պատերազմ և երեք պարտություն՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Իրենց իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է գալիս։ Նրանք իրենց հետ բերել են պատերազմի քամիներ և ի վիճակի չեն այդ քամիները հեռացնել մեր երկրից, որովհետև հենց իրենք են դրանք հրավիրել մեր տուն»,- հայտարարեց նա։
Ըստ պատգամավորի Ադրբեջանը ձգձգում է խաղաղության պայմանագրի կնքումը, քանի որ զգում է նորանոր զիջումների հնարավորությունը․ «Ինչ կար տալու՝ այս մարդը տվել է։ Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Ադրբեջանը հասկանա, որ նոր զիջումներ այլևս չեն լինելու»։
Պատասխանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և անվտանգային երաշխիքների մասին հարցին՝ Կարապետյանն ընդգծեց, որ միայն մեկ երաշխավորի հույսին մնալը սխալ էր։
«Մեզ պետք է մեկից ավելի երաշխավոր։ Երբ տարածաշրջանում հավասարակշռությունը խախտվում է, մենք չպետք է մնանք միայն մեկ կողմի հույսին։ Մենք ունենք հարևան Իրան, Ռուսաստան, այլ գործընկերներ․ միայն տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը վերականգնելով է հնարավոր հասնել տևական խաղաղության»,- ասաց նա։
Խոսելով Սահմանադրության հնարավոր փոփոխությունների դեմ սկսված փողոցային իրազեկման ակցիաների մասին՝ Կարապետյանը նշեց, որ հանրության զգալի մասը տեղյակ չէ իշխանության իրական մտադրություններից․ «Մեր շփումները ցույց են տալիս, որ գրեթե յուրաքանչյուր երրորդ քաղաքացին չգիտի, թե ինչ է կատարվում։ Մարդիկ չգիտեն, որ Ալիևի պահանջով ուզում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Իսկ երբ իմանում են, միանշանակ դեմ են արտահայտվում։ Այսօր հասարակությունը խորապես պառակտված է և պատրաստ չէ նման փոփոխությունների»։
Նա ընդգծեց, որ Սահմանադրության հիմքում ընկած Անկախության հռչակագիրը պետության ծննդականն է, որը որոշվել է համաժողովրդական կամքով դեռ 1991 թվականին, և ոչ մի իշխանություն կամ արտաքին ուժ իրավունք չունի այն փոփոխել․ «Թույլ տալ, որ մեր թշնամին, ով ստեղծել է այս Եռաբլուրը, որոշի Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան ու մեր Սահմանադրությունը, դավաճանություն է այդ մարդկանց հանդեպ։ Մենք խաբում ենք մեր ժողովրդին, եթե թույլ ենք տալիս թշնամուն գրել մեր երկրի մայր օրենքը»։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի պարտության պատճառներին՝ Կարապետյանը նշեց երկու հիմնական գործոն՝ տնտեսական և կազմակերպչական, ինչպես նաև հանցավոր ինքնավստահությունն ու դավաճանությունը, ինչը, ըստ նրա, պետք է դառնա լուրջ քննության առարկա նոր հանձնաժողովի միջոցով։
Իսկ լրագրողի այն հարցին, թե արդյոք մեզ պետք է Շուշին, նա կարճ պատասխանեց․
«Հայերը պետք է իրավունք ունենան վերադառնալու իրենց հայրենիք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան