Մենք չենք հրաժարվել արցախցիների իրավունքներից, այդ թվում հավաքական անվտանգ վերադարձի իրավունքից և պահանջում ենք և՛ ՀՀՀ կառավարությունից, և՛ միջազգային հանրությունից, հավաքական և ոչ հավաքական Արևմուտքից, որը մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիրն է, և Ռուսաստանի Դաշնությունից, որն այդ եռակողմ համաձայնագրի մի մասն է, իրականգնել արդարությունը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի ակտիվիստ Նարե Սիմոնյանը։
«Մենք չենք կարող դառնալ տարբեր ժամանակներում եղած աշխարհաքաղաքական իրավիճակների սրացումների մշտական զոհ, մենք ունենք մեր իրավունքները, մենք պատրաստվում ենք ամեն գնով պաշտպանել այդ իրավունքները, տեր կանգնել մեր իրավունքներին և հավաքական վերադառնալ անվտանգ, ապահով մեր հայրենիք։
Տարբեր ժամանակներում, 2020 թվականից սկսած, տեսել ենք տարբեր երկրների արձագանքները, այդ թվում, օրինակ, 2020–ին Ֆրանսիայի Սենատի նախաձեռնությունը, Գերմանիայի կանցլերի հայտարարությունը, 2023 թվականից հետո տարբեր երկրներ արձագանքել են, միասնական հավաքական անվտանգ վերադարձի իրավունքի մասին են խոսել, կա շվեյցարական հարթակը, որը խոսում է արցախցիների վերադարձի իրավունքից, 2020 թվականից հետո եղել է նաև Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, որ կարգավիճակի հարցը թողնվում է հետոյի։ Շատ դժվար է այս իրավիճակում գործել, երբ ՀՀ իշխանությունները հրաժարվել են դա անելուց, բայց տեսնում ենք, որ միջազգային հանրությունից ոչ բավարար, սակայն արձագանք կա։ Կարևոր է մեկտեղել ջանքերը, հնարավորինս այդ ավելի շատ այդ արձագանքներին և արձագանքներից գործնական քայլերին հասնելու համար»,–ասաց նա։
Նարե ՍԻմոնյանը հավելեց, որ հանրային, նաև ոչ հանրային պարբերաբար լսում են տարբեր միջազգային դերակատարներից, որ Հայաստանն ինքն էլ հայտարարում է, որ արցախյան հարցը խանգարում է խաղաղության գործընթացին. «Չի կարող լինել խաղաղութուն, որը հիմնված չէ արդարության վրա, այլ ուղղակի մի կողմից քմահաճույքների, մյուս կողմի անվերապահ զիջումների հիման վրա։ Նման խաղաղություն լինել չի կարող։ Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար»։
Նշենք, որ այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրման վեցերորդ տարին, որով ավարտվեց 44–օրյա պատերազմը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթով սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը կանգ առավ զորքերի զբաղեցրած դիրքերում։ Հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, իսկ Ղարաբաղում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի նախաձեռնությամբ այց է կազմակերպվել Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։