«Իմիտացիա են ստեղծում, թե փոփոխություն են անում»․ արցախցիները թերի են համարում բնակապահովման ծրագրի վերաբերյալ նոր առաջարկությունները

Արցախից բռնի տեղահանված անձինք թերի լուծում են համարում բնակապահովման ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության նոր առաջարկությունները։

Վերջերս խորհրդարանում արցախցիների բնակապահովման և այլ հարցերի վերաբերյալ քննարկում անցկացվեց, որին մասնակցում էին նաև կառավարության անդամները։ Արցախցիների ներկայացուցիչները մի շարք առանցքային առաջարկություններ ներկայացրեցին՝ մանրամասնելով, թե ինչու են քիչ թվով արցախցիներ կարողանում օգտվել բնակապահովման ծրագրից։

Այս քննարկումից օրեր անց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ արցախցիների ստացած առաջարկների հիման վրա փոփոխությունների նախագիծ են դնում շրջանառության մեջ։ Ըստ Թորոսյանի՝ սրանով ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ միշտ ականջալուր են նրանց բարձրացրած խնդիրներին։

«Փոփոխությունները վերաբերում են, նախնական եմ սա ասում, այլ հիպոթեքային վարկերով ձեռք բերված բնակարանների համար սերտիֆիկատների տրամադրմանը։ Հնարավոր է՝ այդ ժամկետը երկարացվի մինչև այս տարվա վերջ։

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է դրական մնացորդի օգտագործման պայմաններին։ Մենք թույլ կտանք դրական մնացորդով մարել հավելյալ հիպոթեքային վարկը, որը օգտագործվել է սերտիֆիկատով բնակարան ձեռք բերելու համար։

Երրորդը՝ ընտանիքում ծնված երեխաների համար հասանելիք սերտիֆիկատներն են։ Այդ ժամկետը, հավանաբար, ևս մեկ տարով կերկարացնենք, որովհետև շատերը դեռ չեն հասցրել սետիֆիկատ ձեռք բերել, և նրանց ընտանիքում երեխաներ են ծնվել։

Այս փոփոխություններն անվերջ չեն լինելու, առաջարկում ենք արագ օգտվել այս ծրագրից»,- հայտարարել էր Արսեն Թորոսյանը։

Օրերս Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Թորոսյանն ասաց, որ առաջիկայում այս առաջարկությունները կվավերացվեն կառավարության կողմից։

Արցախցիները, սակայն, այս փոփոխություններն էական չեն համարում։

Արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը, որը խորհրդարանում անցկացված քննարկման ժամանակ արցախցիների անունից առաջարկությունների մեծ փաթեթ էր ներկայացրել կառավարությանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց․ «Կառավարության այս առաջարկությունները շատ քիչ մարդկանց են վերաբերում և ամենածանր ու տարածված խնդիրները չեն լուծում»։

Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ կառավարության որոշման փոփոխության նախագիծ է ներկայացրել կառավարությանը, որում շարադրված են բոլոր խնդիրները և լուծման տարբերակները։

«Ամեն խնդրի համար առաջարկել ենք 3-4 լուծում։ Ամենաառաջին խնդիրն այն է, որ բնակապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատվել է 2024 թվականի մայիսի 16-ին։ 2024 թվականից մինչև այսօր ԿԲ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայում 23 տոկոս գնաճ է արձանագրվել։ Բայց հավաստագրի գումարների չափն ըստ էության չի փոխվել։ Երևան քաղաքում աջակցության չափը մեկ անձի հաշվարկով ի սկզբանե եղել է 3 մլն դրամ և մնացել է 3 մլն դրամ։ Եթե անշարժ գույքի շուկայում ունենք 23 տոկոս գնաճ, հետևաբար, աջակցության չափը պետք է համարժեք աճեր։ Ես առաջարկել եմ լողացող կուրս սահմանել»,- ասաց Դավիթ Հովաննիսյանը։

Նա նշեց, որ այս առաջարկը շատ հիմնավոր ու տրամաբանական է, արցախցիների ամենագլխավոր առաջարկն է։ «Սակայն այդ առաջարկին ըստ էության անդրադարձ չեղավ։ Ըստ կարևորության ամենա ոչ կարևոր և ըստ էության ոչինչ չփոխող փոփոխություններն են անում։ Այսօր հավաստագրի դրական մնացորդը թույլ են տալիս օգտագործել 4 կամ 5 ուղղություններով, եթե դա դառնա 7 ուղղություն, որևէ բան չի փոխվում։ Մենք առաջարկում էինք, որ դրական մնացորդը թույլատրեն օգտագործել նաև սպառողական վարկերի դեպքում, որովհետև շատ մարդիկ չեն կարողանում հիպոթեքային վարկ վերցնել, եկամուտները թույլ չեն տալիս»,- հավելեց նա։

«Այսինքն՝ սրանք ձևական այնպիսի փոփոխություններ են, որոնք բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական բեռ չեն ենթադրում։ Սա խնդիրների թվացյալ լուծում է, որը վերաբերում է շատ քիչ թվով մարդկանց, նույնիսկ կարող է այդ մարդկանց թիվը 10-20 շահառու ընտանիք լինի։ Եվ գլոբալ հարցերին անդրադարձ չկա։ Այսինքն՝ իմիտացիա են ստեղծում, թե ինչ-որ դրական փոփոխություն են անում, բայց իրականում սա ձևական բնույթ ունի»,- նշեց մեր զրուցակիցը։

Ռոզա ՀոՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07..11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment