ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթների առնչությամբ։ Այդ մասին ասվում է Azdarar հարթակում:
Կարապետյանին և նրա ընտանիքի անդամների համար ներկայանալու ժամկետ է սահմանվել նոյեմբերի 9-իը՝ ժամը 12:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնել:
2023 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է Կարապետյանին պատկանող գույքի առնչությամբ թիվ 22-73-23 ուսումնասիրությունը: Համաձայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 13-րդ հոդվածի՝ ուսումնասիրության նախնական արդյունքներով իրավասու մարմինը կազմել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր:
Արշակ Կարապետյան Հայաստանում չի գտնվում։ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
2025 թվականի նոյեմբերի 11-ից նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ հեռակա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ըստ ՔԿ-ի՝ Կարապետյանը 2021 թվականի մայիսի 12-ի վաղ առավոտյան Սև լճի հատված ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո մարտական դիրքերը լքելու վերաբերյալ բանավոր և անհիմն հրահանգ է տվել։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իշխանազանցության կամ պաշտոնեական իշխանության չարաշահման հատկանիշներով։