Այս Սահմանադրությունը չարիք է լինելու հայ ժողովրդի ու ՀՀ-ի համար. Արտակ Բեգլարյան

«Պատշաճ հարգանք ո՛չ զոհվածները, ո՛չ մարտնչած ու չզոհվածները որևէ կերպ չեն ստանում։ Ավելին՝ հակառակը, արժեզրկվում են հայրենիքի համար ցանկացած պայքար ու պայքարած անձանց ներդրումն ու վաստակը՝ իշխանությունների բարձրագույն մակարդակով»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ այսօր արցախցի մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվեց Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որով ավարտվեց 44-օրյա արցախյան պատերազմը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած փաստաթուղթն ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ից։

Անդրադառնալով գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Բեգլարյանն ասաց, որ քանի դեռ նրանք չեն վերադարձվել, նշանակում է՝ պատշաճ աշխատանք չի տարվում նրանց վերադարձի ուղղությամբ։

«Քանի դեռ գերիները չեն վերադարձվել, միանշանակ կարող ենք ասել, որ բավարար ջանքեր չեն գործադրվում։ Ավելին ասեմ՝ տեսանելի է, որ բավականին շատ հնարավորություններ կան, որոնք իշխանությունները չեն իրացնում։ Սա էլ լրացուցիչ ապացույց է, որ նրանք չեն ցանկանում գերիների կամ նրանց մի մասի վերադարձը»,- ասաց Բեգլարյանը։

Անդրադառնալով ընդդիմության համախմբման նախաձեռնությանը՝ Բեգլարյանն ասաց.

«Սա քաղաքական նախաձեռնություն է, քաղաքական ուժերն են այդ նախաձեռնությունն առաջնորդում։ Արցախի պետական ինստիտուտներն այդ ձևաչափում որպես հավասար դերակատար չպետք է լինեն։ Այլ հարց է, որ այդ համախմբման օրակարգում Արցախի ժողովրդի իրավունքների հարցը պետք է ներառված լինի։ Այստեղ Արցախի իշխանությունների կարծիքը պետք է էական դեր խաղա»։

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, Բեգլարյանն ասաց.

«Այս համախմբմանը աջակցելու ենք, ու բոլորս պայքարում ենք, որ ալիևյան Սահմանադրությունը որևէ կերպ չընդունվի։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այս Սահմանադրությունը չարիք է լինելու հայ ժողովրդի ու ՀՀ-ի համար»։

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment