Լեհաստանում մահացել է այն տղամարդը, որը նոյեմբերի 7-ին Կրակովի կենտրոնում հրաձգություն էր կազմակերպել։ Այս մասին հայտնել է Մալոպոլսկի վոյեվոդության ոստիկանությունը։ Նա մահացել է հիվանդանոցում՝ ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում ստացած վնասվածքներից։
Վոյեվոդ Կշիշտոֆ Կլենչարը TVN24 հեռուստաալիքին հայտնել է, որ ձերբակալվածի վիճակը «հենց սկզբից շատ ծանր է եղել», և նա երեք վիրահատություն է տարել։ «Չնայած նրա կատարած ծանր հանցագործությանը՝ պայքար էր մղվում այդ մարդու կյանքը փրկելու համար»,- հավելել է Կլենչարը։
Վոյեվոդի խոսքով՝ հարձակման հետևանքով տուժած 14 անձանց վիճակը կայուն է։ «Տուժածներից մեկը՝ ոստիկանի վիճակը, որն անմիջականորեն մասնակցել է հանցագործին ձերբակալելուն, շարունակում է մնալ ծանր վիճակում։ Սակայն երեկ նրան դուրս են բերել կոմայից»,- հայտնել է Կլենչարը։
Նոյեմբերի 7-ին Լեհաստանի 24-ամյա բնակիչը դուրս է եկել Կրակովի գլխավոր շուկայի հրապարակ և ավտոմատ զենքից կրակ բացել։ Գնդակոծության տակ են հայտնվել անցորդները, ինչպես նաև տրամվայը և խանութներից մեկը։ Ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում հարձակվողը վիրավորվել և ձերբակալվել է։
Հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 15-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տուժածների թվում եղել է հինգ օտարերկրացի։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ այն տանը, որտեղ բնակվել է ձերբակալվածը, հայտնաբերվել են երեք մարդու դիեր՝ 53-ամյա տղամարդու և 52 ու 21 տարեկան երկու կանանց։ Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է, որ նրանք հարձակվողի ծնողներն ու քույրն են։ Նրանք սպանվել են հրազենից արձակված կրակոցներով։
Նոյեմբերի 8-ը և 9-ը Լեհաստանում հայտարարվել են համազգային սգո օրեր։