Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ, և մեզ համար սա իսկապես սկզբունքային խնդիր է, և կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է։ Այդ մասին Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2025 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամտային մասն ավելի քան կրկնապատկվել է, 2017 թվականի համեմատությամբ 135 տոկոսի աճ ենք ունեցել։
Իհարկե, ես նկատի չունեմ, որ սա Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունքն է միայն, բայց առանց հակակոռուպցիոն քաղաքականության կամ այս հարցերում առանց սկզբունքային քաղաքական մոտեցման՝ հնարավոր չէ ուղղակի երբևէ այսպիսի ցուցանիշներ արձանագրել, և մենք շարունակելու ենք սկզբունքային պայքարը կոռուպցիայի դեմ։
Իհարկե, մեր առաջնահերթությունը կոռուպցիայի կանխարգելումն է, և այդ ուղղությամբ մենք ձեռնարկում ենք բավականին լայնամասշտաբ քայլեր, բայց միևնույն ժամանակ, իհարկե, կոռուպցիոն ռիսկերը, ցավոք, ոչ մի տեղ հնարավոր չի լինում արմատապես վերացնել, և, բնականաբար, Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթները, այսինքն՝ արդեն իսկ արձանագրված կոռուպցիայի դեպքերն արձանագրելը, դրանց իրավական գնահատական տալը, մեղավորներին պատասխանատվության կանչելը չափազանց կարևոր և սկզբունքային խնդիր են»,- ասաց նա։